Թուրքիայի հետ լարված հարաբերությունների բարելավումը չի կարող տեղի ունենալ հարևան Կիպրոսի հետ «ռազմավարական հարաբերությունների» հաշվին: Այս մասին հայտարարել է Իսրայելի նախագահ Իցխակ Հերցոգը:
Իցխակ Հերցոգը, ելույթ ունենալով Կիպրոսի իր գործընկերոջ հետ բանակցություններից հետո, ասել է, որ տեղյակ է, որ իր առաջիկա այցը Թուրքիա հուզական տրամադրություններ է ստեղծել Կիպրոսում, որը մեղադրում է Անկարային ամբողջ կղզին իր վերահսկողության տակ դնելու փորձերի մեջ:
Հերցոգը իր պաշտոնակից նախագահ Նիկոս Անաստասիադիսին ասել է, որ ոչինչ չի կարող տեղի ունենալ Կիպրոսի հետ ռազմավարական հարաբերությունների հաշվին:
Նա նշել է, որ Իսրայելը ձգտում է ամրապնդել հարաբերությունները բոլոր պետությունների հետ` այդ թվում Թուրքիայի, որը «կարևոր հարևան է»:
«Եթե հնարավոր է՝ մենք պետք է նվազեցնենք լարվածությունը և առաջ շարժվենք իրական երկխոսության միջոցով»,- հայտարարել է Իսրայելի նախագահը:
Նշենք, որ Կիպրոսը բաժանվել է 1974 թվականին Թուրքիայի ներխուժման հետևանքով: Թուրքական Զինված ուժերը զավթեցին Կիպրոսի հյուսիսային հատվածը, որտեղ տեղակայված է ավելի քան 35,000 թուրք զինվորական: Մինչ օրս միայն Թուրքիան է ճանաչել Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը: Շուրջ հինգ տասնամյակների ընթացքում խաղաղ բանակցությունների բազմաթիվ փուլերը չեն կարողացել վերամիավորել կղզին:
Հիշեցնենք, որ Իսրայելի նախագահը մարտի 9-10-ը պաշտոնական այց է կատարելու Թուրքիա: Նա կլինի առաջին նախագահը, ով կայցելի Թուրքիա վերջին 15 տարիների ընթացքում (վերջին անգամ 2007 թվականին Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսն էր մեկնել Թուրքիա):