Ժերար Շալյան. «Հայ-թուրքական հարաբերությունները չեն կարգավորվի այնքան ժամանակ, քանի դեռ իշխանության գլխին Էրդողանն է»

1530

«RegionMonitor»-ը զրուցել է հայտնի ֆրանսիացի կոնֆիլկտաբան, քաղաքագետ, զինված ընդհարումների մասնագետ Ժերար Շալյանի հետ՝ խնդրելով գնահատել իրավիճակը տարածաշրջանում, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին և Արցախյան հիմնախնդրին:

Շալյանը հայ-թուրքական հարաբերությունների մասին խոսելիս համոզմունք է հայտնել, որ քանի դեռ Թուրքիայում իշխանության գլխին է գտնվում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որևէ փոփոխություն չի լինի։ Շալյանի խոսքերով, այս հարցում գործընթացը, որը Թուրքիայի համար որևէ նշանակություն չունի, իսկ Հայաստանի համար կարևոր հարց է, սառեցված է ։ 

Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ հարցին պատասխանելիս Շալյանը նշել է, որ չի
սիրում այս այդ մասին խոսել, որովհետև այն զգացմունքային թեմա է։ Նրա
խոսքերով, երբ ասվում է, որ հարցը պետք է լուծել, մարդիկ նման բան ասողին
սկսում են մեղադրել «Ղարաբաղը ծախելու մեջ»։ Ըստ նրա, այս հարցում
լուծումը, ինչ էլ որ լինի, պետք է լինի Ռուսաստանի համաձայնությունը։
«Մեզ դուր գա, թե ոչ Ռուսաստանը Հայաստանի ամենահզոր դաշնակիցն է։ Նրանք Ղարաբաղի հարցը
օգտագործում են ճնշում գործադրելու համար ինչպես Հայաստանի, այնպես էլ
Ադրբեջանի վրա»,- նշել է Շալյանը։

Շալյանն անդրադարձել է տարածաշրջանային մեկ այլ կարևոր հարցի՝ ԱՄՆ-Իրան դիմակայությանը: Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսի մասնավորապես այն պատճառով, որ դա չի ցանկանում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Շալյանը համոզված է, որ Թրամփին խաղաղություն է
հարկավոր մինչև առնվազն հաջորդ սեպտեմբեր։ Շալյանի բնութագրմամբ՝ Թրամփը
բղավում է, սպառնում, բայց չի հարվածում։

Տարածաշրջանում ներկա պահին ուժերի բաշխման վերաբերյալ Շալյանը նշել է, որ 2 տարի առաջ Սիրիայում հաղթողի կարգավիճակում  Իրանն էր, սակայն այժմ իրավիճակն այլ է:

«Թրամփը կարողացավ ճնշել նրանց։ Իրանը հիմա բավականին բարդ իրավիճակում
է: Նա կդիմանա, բայց նաև կթուլանա: Հիմա Իրանի Մերձավորարևելյան մեծ
քաղաքականությունը հարցականի տակ է։ Մերձավոր Արևելքում 2 լուրջ
պետություն կա՝ Թուրքիան և Իրանը։ Երկուսն էլ նախկինում ավելի հզոր էին,
իսկ այժմ երկուսն էլ ճգնաժամի մեջ»,- նշել է Շալյանը։