Ադրբեջանը ստիպված է լինելու պատասխանել շատ պարզ հարցերի. փորձագետ

256

44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը մի կողմից ի լուր ամբողջ աշխարհի հայտարարում է, թե արցախյան հիմնախնդիրը «լուծված է», Ադրբեջանում չկա «Լեռնային Ղարաբաղ» անվանումով շրջան, այլ՝ «Ղարաբաղ», և վերջինի տարածքում բնակվող «ընդամենը 20-30 հազար բնակչությունն» էլ կարող է ստանալ Ադրբեջանի քաղաքացիություն և ապրել շատ ավելի բարենպաստ պայմաններում, քան այժմ։

Մյուս կողմից զուգահեռաբար Արցախում ապրող, ըստ էության, ավելի քան 100 հազար տեղաբնիկ բնակչությանն օրերով զրկում է գազամատակարարումից, հումանիտար աղետ ստեղծելով, պարբերաբար կրակի տակ պահում, ահաբեկում շրջանի բնակավայրերը, դրանցում ապրող իր պոտենցիալ «քաղաքացիներին»՝ հոգեբանական և անվտանգային պերմանենտ սպառնալիքի տակ պահելով նրանց և փաստացի մղելով արտագաղթի։

Ադրբեջանի նման քաղաքականությունը առավել նպատակային է դարձել հատկապես ուկրաինական պատերազմին զուգահեռ, երբ աշխարհի ուշադրությունը բևեռված է այլ՝ բազմապատիկ անգամ ավելի կարևոր, մասշտաբային հիմնախնդրի և հումանիտար ճգնաժամի ուղղությամբ, քան Արցախում շարունակվողն է։

Մինչդեռ Բաքվի նման վարքագիծը, վստահաբար, գործելու է նրա իսկ դեմ հիմնախնդրի կարգավորման որևէ միջազգային ձևաչափում բանակցային գործընթացի վերսկսման պարագայում։ Քանի որ ադրբեջանական կողմն ստպված է լինելու պատասխանել շատ պարզ հարցերի, ինչպես օրինակ՝ «ո՞ր պետությունն է կրակում գյուղատնտեսական աշխատանք կատարող իր «քաղաքացիների» վրա», կամ «ո՞ր պետությունն է միտումնավոր կերպով զրկում գազամատակարարումից իր «քաղաքացիներին» կամ «սեփական շրջաններից» մեկը», կամ ո՞ր պետությունն է միտումնավոր կերպով արտագաղթի մղում սեփական «քաղաքացիներին» և այլն։

Ադրբեջանի վարքագծի նման դրսևորումները ամենապարզ փաստարկներն են առ այն, թե ինչու Արցախը և նրա բնիկ հայ բնակչությունը չեն կարող ապրել Ադրբեջան կոչված արհեստածին պետության կազմում։ Հետևաբար հայկական կողմը պետք է գործի միայն միջազգային միջնորդական ձևաչափերն ակտիվացնելու ուղղությամբ՝ բացառելով Բաքվի և Անկարայի կողմից Երևանին երկկողմ ձևաչափ պարտադրելու բոլոր փորձերը։

Արմեն Պետրոսյան