Այսօր Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկաթին հեռախոսազրույց է ունեցել Քուվեյթի արտգործնախարար Ահմեդ Նասեր Ալ-Մուհամմադ Ալ-Սաբահի հետ:
Հեռախոսազրույցի ընթացքում Միկաթին հույս է հայտնել, որ Բեյրութի և Պարսից ծոցի որոշ երկրների միջև հարաբերությունները կարող են բարելավվել:
Միկաթին հայտնել է, որ Լիբանանի կառավարությունը «բաց» է Քուվեյթի ներկայացրած նախաձեռնությանը:
Այս համատեքստում Լիբանանի վարչապետն ընդգծել է, որ իր կառավարությունը լիովին հանձնառու է պահպանել բարիդրացիական հարաբերությունները Պարսից ծոցի երկրների հետ՝ այդ թվում Սաուդյան Արաբիայի՝ ավելացնելով, որ Լիբանանը պարտավորվում է հարգել արաբական և միջազգային բոլոր բանաձևերը։
Նա նաև դրական է գնահատել սաուդա-ֆրանսիական հիմնադրամի գործունեությունը: Հիմնադրամի նպատակը Լիբանանին կրթական, առողջապահական և մարդասիրական աջակցություն ցուցաբերելն է:
Բացի այս՝ Սաուդյան Արաբիայի թագավորությունը ևս 36 միլիոն դոլարի աջակցություն է նվիրաբերել Լիբանանին:
Հիշեցնենք, որ Քուվեյթի արտգործնախարար Ալ-Սաբահը հունվարի 23-ին լիբանանցի բարձրաստիճան պաշտոնյաներին էր ներկայացրել Քուվեյթի նախաձեռնությունը, որը նպատակաուղղված է Լիբանանի և Պարսից ծոցի երկրների միջև վստահության մթնոլորտի ամրապնդմանը: Այն բաղկացած է 12 մասից և նախապայմաններ չի առաջադրում: Ալ-Սաբահը հայտնել է, որ այս նախաձեռնությունը համաձայնեցված է Պարսից ծոցի երկրների հետ: Իսկ Բեյրութի և Պարսից ծոցի երկրների միջև դիվանագիտական ճգնաժամի առիթ դարձավ Լիբանանի տեղեկատվության նախարար Ժորժ Կորդահիի՝ Aljazeera-ին տված հարցազրույցը, որով նա քննադատել էր Սաուդյան Արաբիայի քաղաքականությունը Եմենի պատերազմում: