Իսրայելը խստորեն մտահոգված է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ահաբեկիչների ցանկից հանելու ամերիկյան մտադրության պատճառով: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բեննեթը:
Բեննեթի խոսքով՝ ԻՀՊԿ-ն «վերջին տարիներին հրթիռների կիրառմամբ հարվածներ է հասցրել խաղաղ երկրներին՝ թիրախավորելով ինչպես Իսրայելին, այնպես էլ ամերիկյան ուժերին»:
Բեննեթն ընդգծել է, որ եթե ԱՄՆ-ը կայացնի այդ որոշումը, Իսրայելը միևնույն է շարունակելու է ԻՀՊԿ-ն դիտարկել որպես «ահաբեկչական կազմակերպություն»:
Նշենք, որ նախորդ շաբաթ ԱՄՆ պետդեպարտամենտի մի աշխատակից, որի անունը չի հաղորդվում, իսրայելական «The Times of Israel» պարբերականին հայտնել էր, որ ԱՄՆ-ն Իրանի հետ միջուկային բանակցությունները վերսկսելու համար պատրաստ է եղել «բարդ որոշումների»: Ինչպես նշում է իսրայելական կայքը, դիվանագիտական աղբյուրը չի բացառել ԻՀՊԿ-ի ահաբեկչական կազմակերպությունների ցանկից հանելու հավանականությունը:
Հարկ է նշել նաև, որ նախորդ շաբաթ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ասել էր, որ ԱՄՆ հետ միջուկային ծրագրի շուրջ փոխհամաձայնության հասնելու ուղղությամբ մնացել է հաղթահարել երկու «խնդիր»: