Արցախի հայության բոլոր իրավունքները և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը Հայաստանի համար մնում են սկզբունքային, առանցքային հարց: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում՝ ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի մասին» համապատասխան որոշմամբ հավանության արժանացած զեկույցի ներկայացմանը:
«Հայաստան» խմբակցությունից Արմեն Ռուստամյանը հարցրեց, թե ԱԳ նախարարը կարո՞ղ է հստակ հայտարարել է, որ ՀՀ-ն բանակցությունների մեջ մտել է՝ բացառելու Արցախի կարգավիճակն Ադրբեջանի կազմում, բացառելու Արցախի անկլավային վիճակը և վերականգնելու ՀՀ-ի հանձնառությունը՝ լինելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացնող:
«Մեր կառավարության ուղենիշն է կառուցել խաղաղություն տարածաշրջանում: Անշուշտ դրա կարևորագույն մաս է դրա շուրջ Լեռնային Ղարաբաղի շուրջ խաղաղ բանակցությունների վերսկսումը, Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության պայմանագրի բանակցումը և հետո կնքումը: Մեզ համար սկզբունքային և առանցքային է արցախահայության իրավունքների և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը»,-ասաց ԱԳ նախարարը:
Արարատ Միրզոյանը նաև հայտնել է, որ Ադրբեջանը որպես գերի պահում է 38 անձի, որոնցից 3-ը քաղաքացիական անձինք են:
«Ադրբեջանում դեռևս ապօրինաբար պահվում են հայ ռազմագերիներ և քաղաքացիական անձինք: Եվ Հայաստանը շարունակում է միջազգային տարբեր ձևաչափերով բարձրաձայնել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց անհապաղ վերադարձի հարցը: Ադրբեջանը դեռևս պահում է 38 անձի՝ ռազմագերի, պատանդ և այլ կարգավիճակով պահվող անձինք: 38-ից 3-ը քաղաքացիական անձինք են: Ուշագրավ է, որ 38-ից 2-ը գերեվարվել են նախքան նոյեմբերի 16-ը տեղի ունեցած էսկալացիան»,-ասաց Միրզոյանը:
Նախարարը շեշտել է, որ Ադրբեջանի մշակույթի նախարարի բարձրացրած մոտեցումներն այն մասին, որ պետք է ստեղծել հանձնաժողով, որը պետք է զբաղվի «աղվանական մշակութային կոթողների վերականգնմամբ» հրատապ է դարձնում հատկապես ՅՈՒՆԵՍԿՕ առաքելության գործուղումը ԼՂ: Եվ հայկական կողմն այս ուղղությամբ այժմ բանակցություններ է վարում: