Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են իրադրությունը Լեռնային Ղարաբաղում: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Նախարարները քննարկել են տարածաշրջանի ընթացիկ իրավիճակը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ 2020թ.նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11 – ի եռակողմ հայտարարության իրականացումը», – նշվում է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, Լավրովն ու Բայրամովը մտքեր են փոխանակել Ուկրաինայի իրավիճակի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
Իր հերթին ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ արտգործնախարարները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցերը:
«Քննարկվել է «3+3» (Ադրբեջան – Հայաստան – Վրաստան + Ռուսաստան – Իրան – Թուրքիա) տարածաշրջանային խորհրդատվական պլատֆորմի հետագա աշխատանքի վերաբերյալ ժամանակագրությունը», – ասված է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի` Լավրովն ու Բայրամովը քննարկել են երկկողմ փոխգործակցության լայն շրջանակ, այդ թվում՝ փետրվարի 22-ին երկու երկրների նախագահների կողմից ստորագրված դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի դրույթների իրականացումը, ինչպես նաև ապրիլին ՌԴ-ի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված տոնակատարության նախապատրաստումը: