Այսօր Ժնևում հանդիպելու են Սիրիայի իշխող վարչակարգի և ընդդիմության ներկայացուցիչները Սիրիայի սահմանադրական հանձնաժողովի խորհրդակցությունների վերսկսման շրջանակներում:
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Գեյր Պեդերսենը հույս է հայտնել, որ սահմանադրական բարեփոխումների նախագծի շուրջ բանակցությունների 7-րդ փուլի ընթացքում Սիրիայի կառավարությունն ու ընդդիմությունն արդյունավետ կաշխատեն։
Նշենք, որ Սիրիայում խաղաղության հասնելու ՄԱԿ-ի ճանապարհային քարտեզը նախատեսում էր նոր սահմանադրության մշակում, որի նպատակով էլ ստեղծվել էր Սիրիայի սահմանադրական հանձնաժողովը: Այս նախագիծը հաստատվել էր դեռևս 2012 թվականին ՄԱԿ-ի, Արաբական պետությունների լիգայի, Եվրամիության, Թուրքիայի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր հինգ մշտական անդամների կողմից: Հանձնաժողովում ընդգրկված են ինչպես Սիրիայի կառավարող վարչակարգի, այնպես էլ ընդդիմության ներկայացուցիչներ: Նախատեսվում էր, որ հանձնաժողովի աշխատանքն ավարտվելու է ՄԱԿ-ի կողմից վերահսկվող ընտրություններով, որոնց մասնակցելու իրավունք կունենան բոլոր սիրիացիները, այդ թվում՝ արտագաղթածները։