Ռուսական խաղաղապահ զորակազմի աջակցությամբ ադրբեջանական կողմի հետ շարունակվում են բանակցությունները գազամատակարարման վերականգնման ուղղությամբ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրությունից:
«Արցախի Հանրապետության Կառավարությունը հետամուտ է հումանիտար այդ կարևորագույն խնդիրն օր առաջ լուծելուն և հավաստիացնում ենք, որ ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները նաև դիվանագիտական հարթակում, որոնք, բնականաբար, հրապարակայնացման ենթակա չեն:
Տեղեկացնում ենք, որ ադրբեջանական կողմի հարուցած խնդիրների լուծման նպատակով Արցախի նախագահի հրամանագրով ռուս խաղաղապահ զորակազմի հետ աշխատելու և ադրբեջանական կողմի հետ բանակցություններ վարելու լիազորությունը վերապահված է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին:
Միևնույն ժամանակ հորդորում ենք հանրային և քաղաքական գործիչներին պահպանել զսպվածություն, զերծ մնալ մանիպուլյատիվ գործողություններից ու հայտարարություններից»,-նշված է հաղորդագրության մեջ: