Թեհրանը պատրաստ է օգնել Լիբանանին 2 էլեկտրակայաններ կառուցելու գործում. Իրանի ԱԳ նախարարը՝ Բեյրութում

237

Լիբանանի ԱԳ նախարար Աբդուլլահ Բուհաբիբը հանդիպել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ, ով պաշտոնական այցով ժամանել էր Բեյրութ:

Նախարարների հանդիպումը տևել է մեկ ու կես ժամ:

Կողմերը մտքեր են փոխանակել ինչպես երկկողմ հարաբերությունների ամրապնդման, այնպես էլ տարածաշրջանային և միջազգային մի շարք հրատապ հարցերի շուրջ:

«Հույս ունենք, որ Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև Բաղդադի միջնորդությամբ կայացած բանակցություններն արագորեն հաջողության կհասնեն»,- հայտարարել է Լիբանանի արտգործնախարարը:

Նրա խոսքով՝ Լիբանանը կողմ է միջուկային բանակցություններում համաձայնագրի ստորագրմանը, որը կբավարարի բոլոր կողմերի շահերն ու սպասելիքները:

Աբդոլլահիանն իր հերթին հայտնել է, որ Իրանը պատրաստ է  օգնություն ցուցաբերել Լիբանանին տարբեր ոլորտներում՝ հատկապես տնտեսական և առևտրային։

Նա հայտարարել է, որ դեռևս մեկ ամիս առաջ Մյունխենում վարչապետ Նաջիբ Միկաթիին տեղեկացրել էր, որ Իրանը պատրաստ է օգնել Լիբանանին 2 էլեկտրակայաններ կառուցելու գործում։

Նշենք, որ Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկաթին կառավարության պալատում  ընդունել է Իրանի արտգործնախարարին:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանում տիրող իրավիճակը:

Հիշեցնենք, որ երեկ Իրանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել էր Դամասկոս, որտեղ հանդիպել էր սիրիացի իր պաշտոնակցի և նախագահ Բաշար Ալ-Ասադի հետ: Աբդոլլահիանը ողջունել էր Սիրիայի և արաբական որոշ երկրների միջև հարաբերությունների կարգավորումը: