Արցախի ԱԳՆ․ Արցախի գազամատակարարումը վերսկսվել է

333

Մարտի 28-ին վերսկսվել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը Հայաստանից Արցախ մտնող միակ գազատարով։ Տեղեկությունը հայտնում է Արցախի արտաքին գործերի նախարարությունը։

Արցախի ԱԳՆ-ն նշել է, որ ընթացիկ ամսում Ադրբեջանը երկու անգամ երկար ժամանակով խափանել էր բնական գազի մուտքն Արցախ՝ առաջացնելով հումանիտար ճգնաժամային իրավիճակ։

«Ադրբեջանի կողմից իրականացվող հումանիտար ահաբեկչությունն արժանացել է միջազգային հանրության խիստ քննադատության, հնչեցվել են գազամատակարարման վերականգնման բազմաթիվ կոչեր, իրականացվել համապատասխան քաղաքական և դիվանագիտական քայլեր։ Մեծ է նաև ռուս խաղաղապահ առաքելության դերակատարությունը»,- հայտարարել է արտգործնախարարությունը։

Միևնույն ժամանակ Արցախի ԱԳՆ-ը մարդասիրական խնդիրների քաղաքականացումն անթույլատրելի ու անբարոյական է համարում՝ ավելացնելով, որ ցանկացած նման փորձ մարտահրավեր է ամբողջ քաղաքակիրթ աշխարհին։

«Մենք երախտապարտ ենք բոլոր այն երկրներին և միջազգային կազմակերպություններին, քաղաքական և հասարակական գործիչներին, ովքեր հավատարիմ մնալով միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին և բարոյականության նորմերին՝ համարժեք գնահատական են տվել Ադրբեջանի գործողություններին և ջանքեր գործադրել այս հումանիտար աղետը վերացնելու ուղղությամբ»,- նշել են ԱԳՆ-ում։