Կատարը մտադիր է Եգիպտոսում 5 միլիարդ դոլարի ներդրումներ կատարել՝ ազդարարելով երկու երկրների միջև հարաբերությունների բարելավումը: Տեղեկությունը հայտնում է Կատարի պետական լրատվական գործակալությունը:
Կատարի արտգործնախարար Մուհամմադ բըն Աբդուլռահման Ալ-Թանին, ով պաշտոնական այցով մեկնել էր Կահիրե, հայտարարել է՝ 5 միլիարդ դոլարի ներդրումների փաթեթը «եղբայրական երկու պետությունների միջև տնտեսական համագործակցության զարգացմանն է ուղղված»:
Կատարի նախորդ ներդրումները Եգիպտոսում կենտրոնացած էին նավթային հատվածի վրա: Ըստ եգիպտական պետական Al-Ahram օրաթերթի՝ «Qatar Petroleum»-ը խոշոր մասնաբաժիններ ուներ 4,4 միլիարդ դոլար արժողությամբ վերամշակող ընկերությունում:
Այցի շրջանակներում Ալ-Թանին հանդիպել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Ալ-Սիսիի, արտգործնախարար Սամեհ Շուքրիի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:
Եգիպտացի իր պաշտոնակցի հետ համատեղ մամուլի ասուլիսում Ալ-Թանին հայտարարել էր, որ Կատարի հարաբերությունները Եգիպտոսի հետ բարելավվում են «այն բանից հետո, երբ կողմերը հաղթահարեցին որոշակի լարվածությամբ ուղեկցվող նախորդ շրջանը»:
Նշենք, որ Կատարի դիվանագիտական ճգնաժամը սկսվել էր 2017 թվականին, երբ Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Բահրեյնը արգելանք կիրառեցին Դոհայի նկատմամբ: Դիվանագիտական ճգնաժամը լուծվեց 2021 թվականի հունվարին ընդունված հռչակագրով: Կատարի դիվանագիտական ճգնաժամի պատճառը Թուրքիայի և Իրանի հետ Դոհայի սերտ հարաբերություններն էին:
Տարաձայնությունների հարթեցումից հետո վերոնշյալ հինգ երկրների միջև հարաբերությունները բարելավվել են, և բարձրաստիճան պաշտոնյաները փոխանակվել են պաշտոնական այցերով: Ալ-Թանին անցյալ տարի մայիսին առաջին անգամ այցելել էր Կահիրե և հանդիպել Էլ Սիսիի հետ։