Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հետաքննություն է անցկացրել՝ կապված ՌԴ Պետդումայի պատգամավոր Միխայիլ Դելյագինի հայտարարության հետ:
Միխայիլ Դելյագինը «Ռոսիա 24» հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդման եթերում կոչ էր արել ռուս խաղաղապահներին չենթարկվելու պատճառով հարվածել Ադրբեջանի նավթահանքերին:
«Հաշվի առնելով Միխայիլ Դելյագինի խոսքերում 101.2-րդ հոդվածի խախտման նշանների առկայությունը (պաշտոնատար անձի կողմից ագրեսիվ պատերազմ վարելու բաց կոչեր), 214.2.3 (ահաբեկչական գործողություն կատարելու սպառնալիք՝ հրազենի և որպես զենք օգտագործվող առարկաների օգտագործմամբ), 283.2.1 և 283.2.2 (ազգամիջյան ատելության հրահրում` ծառայողական դիրքի կիրառմամբ և ուժի սպառնալիքի միջոցով), 2022 թվականի մարտի 29-ին Ադրբեջանի գլխավոր դատախազը նրա նկատմամբ քրեական գործ է հարուցել:
Նախաքննությունը վստահվել է Գլխավոր դատախազության քննչական վարչությանը»,- ասված է Ադրբեջանի գլխավոր դատախազության հայտարարության մեջ։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը նշում է, որ մեղադրանք առաջադրելու համար հիմք հանդիսացող բավարար ապացույցների առկայության պատճառով Միխայիլ Դելյագինը մարտի 29-ին որպես մեղադրյալ է ներգրավվել և Ինտերպոլի միջոցով միջազգային հետախուզում է հայտարարվել, որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը:
«Միաժամանակ հարցումներ են ուղարկվել մի շարք գործընկեր պետությունների իրավասու մարմիններին՝ ապահովելու մեղադրյալի անհապաղ կալանավորումը՝ այդ երկրների տարածք մուտք գործելու և Ադրբեջան արտահանձնելու դեպքում։ Քրեական գործով այս պահին շարունակվում են ինտենսիվ քննչական գործողություններ»,- նշվում է Ադրբեջանի գլխավոր դատախազության հաղորդագրությունում։