Հորդանանի Հաշիմյան թագավորության միապետ Աբդուլլահ Երկրորդը Ամմանում՝ Հուսեյնիյա պալատում ընդունել է Իսրայելի նախագահ Իցխակ Հերցոգին: Սա Իսրայելի նախագահի պաշտոնական առաջին այցն է Հորդանան:
Հանդիպման շրջանակներում նախ կողմերը առանձին հանդիպում են ունեցել, որից հետո հանդիպումը շարունակվել է պատվիրակությունների մակարդակով:
Հանդիպման վերաբերյալ պալատի հայտարարությունում նշված է, որ Հորդանանի թագավորը դատապարտում է «բռնությունն իր բոլոր դրսևորումներով»՝ նկատի ունենալով օրեր առաջ տեղի ունեցած միջադեպը, երբ զինված անձը Թել Ավիվի արվարձաններից մեկում կրակ էր բացել քաղաքացիական բնակչության վրա՝ սպանելով հինգ մարդու:
«Այս հակամարտությունը (պաղեստինա-իսրայելական հակամարտությունը՝ խմբ.) շատ երկար է տևել, իսկ դրա հետևանքով առաջացած բռնությունը շարունակում է մեծ ցավ պատճառել և պարարտ հող է ստեղծում ծայրահեղականության համար», – ասվում է հայտարարության մեջ:
Թագավորը նաև կոչ է արել Իսրայելի ոստիկանությանը դադարեցնել հրեա հավատացյալների «սադրանքներն» Ալ-Աքսա մզկիթում:
«Մենք կիսում ենք զարգացման և խաղաղության ընդհանուր արժեքները՝ հիմնված մեր խաղաղության համաձայնագրի վրա», – ասել է Հերցոգը:
Նշենք, որ անցյալ տարի իսրայելական ոստիկանության և պաղեստինցիների միջև բախումներ են տեղի ունեցել Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի շուրջ Ռամադան պահքի ամսին: Բռնությունները Գազայի զինյալների և Իսրայելի միջև հանգեցրին 11-օրյա պատերազմի բռնկմանը: