Ադրբեջանը խեղաթյուրում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը, որը տարածաշրջանի բոլոր տրանսպորտային եւ տնտեսական կապերի վերականգնման, Ադրբեջանի արեւմտյան շրջանները Նախիջեւանին կապող ճանապարհի գործարկման մասին է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Դուք տեղյակ եք, որ Հայաստանը այս թեմայով համապարփակ առաջարկություններ է ներկայացրել: Չմտնելով մանրամասների մեջ, ասեմ, որ մեր առաջարկի էությունը հետեւյալն է. վերակառուցել Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղին, վերաբացել կամ կառուցել ավտոմոբիլային ճանապարհ, որը նաև կկապի Ադրբեջանի արեւմտյան շրջանները Նախիջեւանի հետ, սահմանային անցման կետերում իրականացնելով սահմանային, մաքսային եւ այլ հսկողություններ»,- ասաց Փաշինյանը։
Երկրի ղեկավարի խոսքով՝ Ադրբեջանը մեր այս դիրքորոշումը եւ ընդունում է եւ չի ընդունում: Եւ սա արտահայտվում է հետեւյալում. նրանք ասում են, որ համաձայն են այս ճանապարհի գործարկման ցանկացած իրավական ռեժիմի, բայց նույն ռեժիմը պետք է գործի նաեւ Լաչինի միջանցքում եւ այս դիրքորոշումը հիմնավորելու համար հղում են անում նոյեմբերի 9-ի հայտարարությանը:
«Այս խոսույթը անհիմն է երկու պատճառով. նախ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ Հայաստանի Հանրապետության որեւէ տարածքի եւ դրա հետ առնչություն ունեցող միջանցքի մասին հիշատակում չկա, բայց «Լաչինի միջանցք» արտահայտություն կա: Լաչինի միջանցքը ոչ թե կամ ոչ միայն ճանապարհ է, այլեւ տարածք, որը ունի 5 կիլոմետր լայնություն: Այդ ողջ տարածքը ըստ եռակողմ հայտարարության գտնվում է ՌԴ խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո: Եռակողմ հայտարարության 9-րդ կետում Հայաստանի որևէ տարածքի նկատմամբ որեւէ այլ երկրի վերահսկողության դրույթ պարզապես գոյություն չունի: Եւ հետո, Լեռնային Ղարաբաղի եւ Նախիջեւանի զուգահեռները տարօրինակ են՝ մի քանի պատճառներով: Նախ՝ Նախիջեւանը Ադրբեջանի հետ ունի ցամաքային կապ՝ Իրանի Իսլամական Հանրապետության եւ Թուրքիայի տարածքով: Օդային կապ՝ Իրանի Իսլամական Հանրապետության, Թուրքիայի եւ Հայաստանի Հանրապետության օդային տարածքով:
Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ ունի միայն ցամաքային կապ, միայն Լաչինի միջանցքով եւ Լաչինի միջանցքը Ադրբեջանի կողմից որեւէ կերպ վերահսկվող տարածք դարձնելը նշանակում է միայն մեկ բան՝ Լեռնային Ղարաբաղի հայաթափում»,- ընդգծեց Փաշինյանը։
Վարչապետը կրկին արձանագրում է Լաչինի միջանցքի համեմատությունը ՀՀ տարածքով բացվելիք ճանապարհի հետ անընդունելի է, նոյեմբերի 9-ի հայտարարությունը ՀՀ տարածքով որեւէ միջանցքի գոյություն չի նախատեսում եւ Հայաստանը չի ընդունել եւ չի ընդունելու միջանցքային որեւէ տրամաբանություն: