Թուրքիան առաջնային օրակարգ է բերում Հայաստանի հետ կարգավորման գործընթացում առայժմ միակ բացահայտ նախապայմանը՝ Ադրբեջանի շահերի առաջմղումը

234

Նախօրեին Ադրբեջան-Արցախ-Հայաստան լարվածությանը տարբեր առիթներով միաժամանակ անդրադարձել են Թուրքիայի նախագահն ու ԱԳ նախարարը։ Բնականաբար, թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները բացահայտ ադրբեջանամետ բովանդակության են՝ պարունակելով Բաքվի քաղաքական կշռին և տարածաշրջանային դերակատարմանը նպաստելու նպատակային ուղերձներ։ Անկարա-Բաքու քաղաքական հռետորաբանության ներդաշնակեցման հերթական դաշնակցային դրսևորումը կարելի է դիտարկել առնվազն երկու հարթությունում։

1. Նախ Արցախում արձանագրված վերջին լարվածության հետ կապված Թուրքիայի կողմից աներկբա աջակցություն է ցուցաբերվում սեփական դաշնակցին՝ Հայաստանի քաղաքական ակտիվացման, ինչպես նաև Ռուսաստանի և միջազգային այլ դերակատարների թիրախային արձագանքների համատեքստում։

2. Ըստ էության, առնվազն տողատակում կիրարկվում է Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացում ցայժմ ակնհայտ միակ նախապայմանը՝ Ադրբեջանի շահերը հաշվի առնելու հանգամանքը՝ հստակ ակնարկելով Հայաստանին՝ Ադրբեջանի պահանջներն ընդունելու կարևորությունը նաև Թուրքիայի հետ ընթացող գործընթացի հեռանկարի համար։

Արմեն Պետրոսյան