Ջավախքի Նինոծմինդա քաղաքում հանրային կենտրոն է կառուցվում

718

Ջավախքի Նինոծմինդա լրիվությամբ հայաբնակ քաղաքում Վրաստանի արդարադատության նախարարության նախաձեռնությամբ կբացվի հանրային կենտրոն։ Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն:

Կենտրոնի շինարարական աշխատանքները սկսվել են 2019 թվականի դեկտեմբերի 10-ին: Նախագծի համաձայն՝ հենակետերի կառուցումը նախատեսված է ավարտին հասցնել 2020 թվականի հուլիսի 31-ին: Շինարարության համար կծախսվի 855 հազար 412 լարի:

Նինոծմինդայի քաղաքապետարանի դիմաց կառուցվող շինությունը կլինի ապակե, կունենա մեկ հարկ, կկատարի արդարադատության տան նույն գործառույթները:

Կենտրոնում տեղի բնակիչներին մեկ պատուհանի սկզբունքով հասանելի կդառնա ավելի քան 200 պետական ​​և մասնավոր ծառայությունից օգտվելու հնարավորություն: Հաճախորդը կկարողանա ձեռք բերել անձնագիր/նույնականացման քարտ, գրանցել անշարժ գույք, կազմել կադաստրային պլան կամ արխիվային պահպանում:

Կենտրոնի ենթակառուցվածքները հարմարեցված կլինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար: Շենքի ներսում կգործեն MagtiCom-ի և Liberty Bank-ի մասնաճյուղերը, վերջինս թոշակառուներին հնարավորություն կտա տեղում կենսաթոշակ ստանալ:

Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ նմանատիպ կենտրոններ Վրաստանի մարզերում կառուցվում են 2012 թվականից: Ծրագրի նպատակն է ընդլայնել տեղի բնակիչների համար կոմունալ ծառայությունների հասանելիությունը: