Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Վիեննայի բանակցությունների դադարեցման պատճառն ԱՄՆ-ն է, իսկ խնդրի լուծման բանալին Սպիտակ տանն է:
«Առավելապաշտությունն արդյունք չի տալիս, ԱՄՆ-ը պետք է ընդունի, որ հավասար իրավունքների հիման վրա են բանակցում: Իրանին տրամաբանական պատասխան տրվի, որ նորից Վիեննա վերադառնանք»,- մամուլի ասուլիսում հայտարարել է իրանցի դիվանագետը, փոխանցում է իրանական IRNA լրատվամիջոցը:
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը Վիեննայի բանակցություններում մնացած հարցերի վերաբերյալ դեռ քաղաքական որոշում չի կայացրել և ջանում է այդ հարցերը իր «ներքաղաքական խնդիրների պատանդը դարձնել»:
Խաթիբզադեի խոսքով՝ համաձայնության կայացման համար Վաշինգտոնը պետք է քաղաքական որոշումը կայացնի: Նա կրկին հիշեցրել է, որ Իրանն «իր կարմիր գծերից չի անցնելու և չի հրաժարվելու իր պահանջներից»:
Անդրադառնալով Սաուդյան Արաբիայի հետ բանակցությունների՝ Խաթիբզադեն նշել է, որ երկխոսությունը հստակ օրակարգի կարիք ունի, իսկ Իրանն իր տեսակետները գրավոր ներկայացրել է սաուդական կողմին: