ԱՄՆ-ը նոր պատժամիջոց է սահմանել Իրանի նկատմամբ

794

Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունն Իրանի փոխնախագահ, ԻԻՀ Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհիի նկատմամբ պատժամիջոց է սահմանել՝ նրա անունն ընդգրկելով պատժամիջոցի ենթարկված իրանցի պաշտոնյաների ցուցակում:

Ըստ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության որոշման՝ ամերիկյան կազմակերպություններին արգելվում է որևէ տեսակի համագործակցություն ունենալ Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության հետ:

Ալի Աքբար Սալեհին ԱՄՆ-ի այդ քայլը քաղաքական խաղ և Միացյալ Նահանգների հուսահատ քայլ է որակել:

Հավելենք, որ ԱՄՆ Կոնգրեսն Իրանում վերջին ամիսներին տեղի ունեցած բողոքի ակցիաների վերաբերյալ բանաձև է ընդունել՝ դատապարտելով ակցիայի մասնակիցների նկատմամբ կիրառված բռնությունները և Իրանի իշխանությունների՝ երկրում ինտերնետն անջատելու մասին որոշումը:

Բանաձևում նշվում է, որ բենզինի գնի բարձրացման դեմ տեղի ունեցած բողոքի ցույցերի ընթացքում Իրանի անվտանգության ուժերն ավելի քան 7000 մարդու են ձերբակալել, հարյուրավոր մարդու էլ սպանել են: