Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բեննեթը հայտարարել է, որ Իսրայելը և ԱՄԷ-ն ավարտին են հասցրել երկկողմ համաձայնագրի կնքման շուրջ 5 ամիս տևած բանակցությունները, որոնք միտված են երկու երկրների միջև ազատ առևտրի գոտու ստեղծմանը:
Համապարփակ համաձայնագիրը ենթադրում է, որ Իսրայելի և ԱՄԷ-ի միջև վաճառվող ապրանքների 95%-ն անմիջապես կամ աստիճանաբար կազատվեն մաքսազերծումից:
Համաձայնագիրը կստորագրեն ԱՄԷ-ի արտաքին առևտրի պետնախարար Թանի բըն Ահմեդ Ալ-Զեյուդին և Իսրայելի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար Օրնա Բարբիվեյը։ Ստորագրումից անմիջապես համաձայնագիրը ուժի մեջ կմտնի:
Բեննեթի խոսքով՝ այս հարցը քննարկվել է Աբու Դաբիի թագաժառանգ արքայազն շեյխ Մուհամմադ բըն Զայեդի հետ իր վերջին հանդիպման ժամանակ, և նրանք պայմանավորվել են արագացնել բանակցությունները՝ համաձայնագիրը կնքելու համար:
«Այսօր երկու երկրների միջև արդեն իսկ ձևավորված լավ հարաբերություններն ամրապնդվում են ազատ առևտրի համաձայնագրի տեսքով, որը զգալիորեն կբարձրացնի տնտեսական համագործակցությունը՝ ի շահ երկու երկրների քաղաքացիների»,- ավելացրել է Իսրայելի վարչապետը։