Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բեննեթը հեռախոսազրույց է ունեցել Հորդանանի թագավոր Աբդուլլահ Երկրորդի հետ:
Կողմերը քննարկել են իսրայելցիների և պաղեստինցիների միջև լարվածության նվազեցման անհրաժեշտությունը Ռամադան պահքի ամսվա ընթացքում:
Համաձայն Հորդանանի արքունական պալատի տարածած հայտարարության՝ հեռախոսազրույցի ընթացում թագավորն ընդգծել է «հանդարտության պահպանման անհրաժեշտությունը պաղեստինյան տարածքներում ցանկացած էսկալացիայից խուսափելու համար»:
Զրուցակիցները նաև ընդգծել են «երկու երկրների միջև համագործակցության ամրապնդման և հարաբերությունների և երկխոսության շարունակման կարևորությունը»:
Նշենք, որ օրեր առաջ Իսրայելի նախագահ Իցխակ Հերցոգը պաշտոնական առաջին այցով Ամման էր մեկնել: Իսկ նախորդ օրը Հորդանանի միապետն ընդունել էր Իսրայելի պաշտպանության նախարար Բեննի Գանցին:
Հիշեցնենք, որ անցյալ տարի իսրայելական ոստիկանության և պաղեստինցիների միջև բախումներ են տեղի ունեցել Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի շուրջ Ռամադան պահքի ամսին: Բռնությունները Գազայի զինյալների և Իսրայելի միջև հանգեցրին 11-օրյա պատերազմի բռնկմանը: