Այսօր Իսրայելի Կնեսետում իշխող կուսակցությունը կորցրել է խորհրդարանական մեծամասնությունը, քանի որ կրոնական վեճի պատճառով օրենսդիրներից մեկը վայր է դրել պատգամավորական մանդատը:
Իդիթ Սիլմանը, ով երկրի վարչապետ Նաֆթալի Բեննեթի գլխավորած Յամինա կուսակցության անդամ է, քննադատել է առողջապահության նախարարության այն հրահանգը, որով թույլատրվել է հանրային հիվանդանոցներին թթխմորով հաց մատակարարել հրեական Փեսախ (հրեական Զատիկ) տոնի ժամանակ (համաձայն հրեական կրոնական ուսմունքների՝ Փեսախ տոնի ժամանակ արգելվում է հասարակական վայրերում թթխմորով հաց օգտագործել):
«Ես կդադարեցնեմ իմ անդամակցությունը կոալիցիային և կփորձեմ համոզել ընկերներիս վերադառնալ և ձևավորել աջակողմյան կառավարություն: Ես գիտեմ, որ ես միակը չեմ, որ այդպես եմ զգում», – ասել է Սիլմանը:
Նշենք, որ Կնեսետն այժմ արձակուրդում է, և դեռևս պարզ չէ, թե արդյոք ընդդիմությունը կունենա բավարար աջակցություն՝ անվստահություն հայտնելու և խորհրդարանական նոր ընտրություններ անցկացնելու համար:
Ուշագրավ է, որ երկարատև քաղաքական ճգնաժամով պայմանավորված՝ վերջին երկու տարվա ընթացքում Իսրայելում չորս անգամ խորհրդարանական ընտրություններ են անցկացվել: Ի վերջո Նաֆթալի Բեննեթը և նրա աջակիցները կարողացան պաշտոնանկ անել 12 տարի շարունակ իշխանության ղեկը ստանձնած Բենյամին Նեթանյահուին:
Նեթանյահուն, ով ներկայումս ընդդիմության առաջնորդն է, շնորհավորել է Սիլմանին և «ողջունել է նրա վերադարձը տուն՝ ազգայնականների ճամբար»։