Սաուդյան Արաբիան և Քուվեյթը հայտարարել են, որ իրենց դեսպանները վերադառնալու են Բեյրութ՝ կատարելու դիվանագիտական պարտականությունները:
Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ նման քայլ է կատարում՝ ի պատասխան լիբանանցի քաղաքական գործիչների դիմումների, ինչպես նաև հաշվի առնելով Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկաթիի հայտարարությունն առ այն, որ իր կառավարությունը հավատարիմ է Ռիյադի և Պարսից ծոցի երկրների հետ հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցների ձեռնարկմանը:
Ըստ թագավորության ԱԳՆ-ի՝ այդ միջոցները ներառում են Սաուդյան Արաբիայի և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի վրա ազդող քաղաքական, ռազմական և անվտանգային գործողությունների դադարեցում:
«Թագավորությունը կարևորում է Լիբանանի վերադարձն իր արաբական արմատներին»,- ասված է Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկաթին իր հերթին հայտարարել է, որ բարձր է գնահատում նման որոշումը:
«Մենք վերահաստատում ենք, որ Լիբանանը հպարտ է իր արաբական պատկանելությամբ և Պարսից ծոցի երկրների հետ ցանկանում է պահպանել լավագույն հարաբերությունները, որոնք միշտ աջակցող են եղել և այդպիսին էլ կմնան», – գրել է Միկաթին Twitter-ի իր միկրոբլոգում:
Նշենք՝ Քուվեյթը նույնպես տեղեկացրել էր Բեյրութին, որ մինչև շաբաթվա վերջ իր դեսպանը վերադառնալու է Լիբանան:
Միկաթին շնորհակալություն է հայտնել Քուվեյթի արտգործնախարարին Լիբանան-Պարսից ծոց հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ կատարած աշխատանքի համար:
Հիշեցնենք, որ Բեյրութի և Պարսից ծոցի երկրների միջև դիվանագիտական ճգնաժամի առիթ դարձավ Լիբանանի տեղեկատվության նախարար Ժորժ Կորդահիի՝ Aljazeera-ին տված հարցազրույցը, որով նա քննադատել էր Սաուդյան Արաբիայի քաղաքականությունը Եմենի պատերազմում: Սաուդյան Արաբիան անմիջապես հետ կանչեց իր դեսպանին Բեյրութից: Ի աջակցություն թագավորության՝ Պարսից ծոցի որոշ երկրներ նույնպես հետ էին կանչել իրենց դեսպաններին: Ավելի ուշ՝ Քուվեյթը հանդես եկավ նախաձեռնությամբ՝ դիվանագիտական ճգնաժամի կարգավորման համար: Մասնավորապես Քուվեյթի արտգործնախարար Ալ-Սաբահը հունվարի 23-ին լիբանանցի բարձրաստիճան պաշտոնյաներին էր ներկայացրել 12 մասից բաղկացած նախաձեռնությունը: