Վերջին 30 տարվա ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները ստացել են երկու անկախ, ինքնիշխան պետությունների հարաբերությունների բնույթ, բայց քանի որ դրանք հիմնված են շատ ամուր հիմքի, պատմական հարուստ շփումների վրա, հայ-ռուսական հարաբերությունները մնացել են եղբայրական և դաշնակցային՝ ամրապնդվելով և հարմարվելով նոր իրողություններին: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ Հայաստան-Ռուսաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ խոսելով հայ-ռուսական հարաբերությունների անցյալի, ներկայի և ապագայի մասին:
– Իսկ ի՞նչ ընկալում ունի Հայաստանը Ռուսաստանում:
– Հայաստանը Ռուսաստանում ընկալվում է իբրև դաշնակից, եղբայրական երկիր: Դուք քիչ առաջ հիշատակեցիք, որ շատ ռուսաստանցի զբոսաշրջիկներ են գալիս Հայաստան: Կարծում եմ՝ դա պատահական չէ: Բացի այն, որ մուտքի ռեժիմն է շատ պարզեցված, մեծ դեր է խաղում նաև այն, որ ռուսաստանցիները շատ լավ են զգում իրենց այստեղ՝ ճիշտ այնպես, ինչպես, ես համոզված եմ, շատ լավ են իրենց զգում հայերը Ռուսաստանում:
– Որո՞նք են Ռուսաստանի առաջնահերթությունները Հայաստանի հետ հարաբերություններում, և ինչպիսի՞ն եք Դուք տեսնում հայ-ռուսական հարաբերությունների ապագան, Ձեր կարծիքով՝ ո՞ր ուղղությամբ դրանք կզարգանան՝ նկատի ունենալով Ռուսաստանի և Հայաստանի նոր մարտահրավերները:
– Ինչ վերաբերում է առաջնահերթություններին, ապա մեր ընդհանուր շահն, իհարկե, այն է, որ պահպանենք և բազմապատկենք մեր երկրների և ժողովուրդների հարաբերություններում կուտակված այն հարստությունը, այն վաստակը, որ մենք ունենք այսօր, և հարմարեցնենք մեր հարաբերությունները բոլոր ոլորտներում՝ լինի անվտանգությունը, տնտեսությունը թե մշակույթը, հարմարեցնենք դրանք այն նոր իրողություններին և մարտահրավերներին, որոնց մեր երկրները առերեսվել են:
Ի դեպ, այդ իմաստով շատ կարևոր նշանակություն ունի մեր ընդհանուր մասնակցությունը ինտեգրացիոն միավորումներին՝ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ), Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ), և վերջերս տեղի ունեցած կլոր սեղանի անցկացումը այնպիսի արդիական թեմայով, ինչպիսին է «ԵԱՏՄ զարգացման հնարավորությունները և հեռանկարները հավաքական Արևմուտքի կողմից Ռուսաստանին տնտեսական պատերազմ հայտարարելուց հետո», որը տեղի ունեցավ ապրիլի 6-ին Երևանում, խոսում է այն մասին, որ դա իսկապես մեր փոխհարաբերությունների շատ կարևոր մասն է: Ինտեգրացիոն գործընթացների զարգացման, աշխարհի փոխկախվածության խորացման դարաշրջանում հարաբերությունների նշված ասպեկտը շատ կարևոր է, և երկու կողմն էլ ամբողջությամբ գիտակցում են այդ կարևորությունը:
– Այս համատեքստում, հատկապես վերջին շրջանում, ժամանակ առ ժամանակ ինչ-որ աղոտ հեռանկարներ են նշմարվում, ակնարկներ են հնչեցվում Ռուսաստանի և Բելառուսի միասնական պետության ընդլայնման, այլ խոսքերով՝ Ռուսաստանի առաջնորդությամբ և իր մերձավոր դաշնակիցների ու գործընկերների հետ միասին ընթացող ինտեգրացիոն գործընթացների խորացման մասին: Այդպիսի ակնարկ վերջերս Վլադիմիր Սոլովյովի հետ հարցազրույցի ընթացքում արել է, օրինակ, Բելառուսի նախագահ Լուկաշենկոն: Հետաքրքիր է Ձեր մեկնաբանությունը այս հարցի վերաբերյալ: Կա՞ արդյոք այդպիսի իրական հեռանկար, որ ինտեգրացիոն գործընթացները եվրասիական տարածությունում կարող են այդ ուղղությամբ տարվել:
– Ինչպես արդեն ասացի՝ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի և մեր բոլոր դաշնակիցների մոտեցումն այն է, որ ինտեգրման գործընթացներն, անշուշտ, շատ մեծ կարևորություն ունեն, և մենք պատրաստ ենք գնալու այդ ճանապարհով այնքան, որքան դա համապատասխանում է մեր երկրների շահերին: Բայց ուզում եմ ընդգծել շատ սկզբունքային մի հանգամանք, որ ինտեգրման այդ գործընթացները յուրաքանչյուր մասնակից պետության ինքնիշխան ընտրության արդյունքն են: Ուստի կարծում եմ, որ փոխգործակցության, ինտեգրման այն ձևաչափերը, որոնք կարող են ի հայտ գալ կամ զարգանալ, կախված են, առաջին հերթին իրական վիճակից և մեր երկրների պահանջներից, ինչպես նաև՝ յուրաքանչյուր պետության ինքնիշխան որոշումից:
Հիմա մենք շատ մեծ նշանակություն ենք տալիս այն ամենին, ինչ տեղի է ունենում գոյություն ունեցող ինտեգրացիոն միավորումների՝ ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակներում, և դա հենց յուրաքանչյուր մասնակից պետության քաղաքական, ինքնիշխան և գիտակցված ընտրության արդյունքն է: Ահա այդպես էլ մենք դրան վերաբերվելու ենք:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ.