Ղազախստանը Ուհանից տարհանել է ՀՀ 1 քաղաքացու

658

Չինաստանի Ուհան քաղաքից 1 ՀՀ քաղաքացի է տարհանվել:  ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը  «Facebook»-ի իր էջում հետևյալ հաղորդագրությունն է  տարածել․

«Հայտնում ենք, որ փետրվարի 2-ին Ղազախստանի մեր գործընկերների հետ համագործակցության արդյունքում Չինաստանի Ուհան քաղաքում գտնվող և տարհանման ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացի Սուսաննա Աղաջանյանը տարհանվել է և տեղափոխվել Ղազախստան:

ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է մեր քաղաքացու հետ և քայլեր են ձեռնարկվում վերջինիս հնարավորինս շուտ Հայրենիք վերադարձնելու ուղղությամբ: Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Ղազախստանի մեր գործընկերներին՝ Հայաստանի խնդրանքին արագ արձագանքելու և ցուցաբերած աջակցության համար»,- գրել է ԱԳՆ խոսնակը։

Իսկ Ղազախստանի կառավարության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ Ղազախստանի կառավարությունը բացի իր 83 քաղաքացիներից Ղրղզստանի, Հայաստանի և Բելառուսի իշխանությունների խնդրանքով Չինաստանից տարհանել է նաև այդ երկրների քաղաքացիներին: Բոլոր տարհանվածները 14 օր կգտնվեն կարանտինի գոտում, որտեղ նրանց հետ կապի մեջ կլինեն միայն բժիշկները: