Ռուսաստանը կասեցրել է Չինաստան մեկնող բոլոր ուղևորատար գնացքների աշխատանքը

657

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով Ռուսաստանը Չինաստանին կապող ուղևորատար գնացքների աշխատանքը կդադարեցվի։ Մարդատար երթուղիները չեն գործի 2020թ․ փետրվարի 3-ից՝ մինչև այդ մասին հատուկ հրամանի հրապարակումը։

Խոսքը մասնավորապես Պեկին – Մոսկվա, Մոսկվա –Պեկին և Չիտա –Զաբայկալսկ-Պեկին երթուղիների մասին է։ Հայտնի է դարձել նաև, որ փետրվարի 1-ին Մոսկվայից դեպի Պեկին մեկնած մարդատար գնացքն իր ուղևորությունը կավարտի Զաբայկալսկում։ Իսկ փետրվարի 3-ի առավոտյան Ռուսաստանի սահմանը հատած Պեկին-Մոսկվա մարդատար գնացքը երկիր է մուտք գործել առանց ուղևորների։

Նշենք, որ Ռուսաստանի և Չինաստանի միջև մյուս բոլոր մարդատար գնացքների աշխատանքը դադարեցվել էր դեռ հունվարի 31-ին։ Այսպիսով, երկու երկրների միջև երկաթուղային ուղևորատար հաղորդակցությունը լիովին կասեցվում է։ Բոլոր ուղևորները կարող են վերադարձնել իրենց տոմսերը՝ առանց որևէ տւրքերի կամ այլ պահումների։ Միևնույն ժամանակ, բԵռնատար գնացքները դեռևս շարունակում են իրենց ընթացքը Ռուսաստանի և Չինաստանի միջև։

Հիշեցնենք, որ նոր մահացու վիրուսի՝ կորոնավիրուսի հայտնվելու մասին հայտարարվել էր դեռ 2019թ․ դեկտեմբերին։ Վարակի տարածման օջախը Չինաստանի Ուհան քաղաքն է։ Վիրուսը տարածվում է մեծ արագությամբ, մեկ ամսում զոհերի թիվը հատել է 300-ի սահմանը, վարակվածների թիվը շուրջ 15․000 է։ Կորոնավիրուսով վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանի սահմաններից դուրս՝ ընդհուպ մինչև Եվրոպական երկրներում։ Չինաստանը դադարեցրել է Ուհան քաղաքի հետ ներքին տրանսպորտային կապը, մի շարք երկրներ իրենց հերթին շտապում են սահմանափակել Չինաստանի հետ օդային և ցամաքային հաղորդակցությունը։