Թուրքիայի ներխուժումն Իրաքի հյուսիս չունի իրավական հիմք. Իրաքի ԱԳՆ

145

Իրաքի արտաքին գործերի գերատեսչությունը հերքել է Թուրքիայի հետ որևէ համաձայնագրի առկայությունը, որը թույլ կտա Անկարային ներխուժել երկրի հյուսիս:

Իրաքի ԱԳՆ-ի խոսնակ Ահմադ Ալ-Սահաֆը հայտարարել է, որ Թուրքիան շարունակական խախտումներ է իրականացնում, որոնք չունեն իրավական հիմք կամ էլ հիմնված չեն երկու երկրների միջև որևէ համաձայնագրի վրա:

Նրա խոսքով՝ Թուրքիան վկայակոչում է «ինքնապաշտպանության վերաբերյալ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածը, որը, սակայն, չի կարող իրացվել առանց Իրաքի պաշտոնական հաստատման»:  

Ալ-Սահաֆը մանրամասնել է, որ կիրակի երկրի արտգործնախարար Ֆուադ Հուսեյնը խորհրդարանի նիստի ժամանակ ներկայացրել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) գործը՝ սկսած 1984 թվականից, և հերքել է որևէ համաձայնագրի գոյություն, որը թույլ կտա Թուրքիային ներթափանցել երկրի հյուսիս։

Հիշեցնենք, որ Թուրքիայի զինված ուժերը «Մագիլ-կողպեք» անվանումը կրող ռազմական նոր գործողություն են մեկնարկել Իրաքի հյուսիսում՝ «Քուրդիստանի բանվորական կուսակցության» անդամներին հետապնդելու նպատակով: Ըստ Թուրքիայի ՊՆ հայտարարության՝ ռազմական գործողությունն ընդգրկում է Իրաքի Մեթինա, Զափ և Ավաշին-Բասյան շրջանները: