Իսրայելի ՊՆ-ը զգուշացնում է «անհրաժեշտ ուժեր» օգտագործել Լիբանանի կողմից հրթիռային մեկ այլ հարձակման դեպքում

127

Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը սպառնացել է Լիբանանին հետագա պատասխան քայլերով, եթե դարձյալ հրթիռներ արձակվեն Իսրայելի ուղղությամբ:

«Իսրայելը պահանջում է լիբանանյան կառավարությունից պատասխանատվություն ստանձնել այն ամենի համար, ինչ տեղի է ունենում իր տարածքում», — հայտարարել է Գանցը Նաբի Շուայբի (դրուզների տոն) տոնակատարության շրջանակներում դրուզ պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ:

«Եթե ահաբեկչությունն ու բռնությունը շարունակվեն, մենք անհրաժեշտ ուժ կկիրառենք ճշգրիտ թիրախների դեմ»,- հավելել է նախարարը:

Նշենք, որ լիբանանյան ԶԼՄ-ների տեղեկություններով՝  Իսրայելի ԶՈՒ-ն  50 հրետանային արկ է արձակել Լիբանանի հարավում գտնվող մի քանի դիրքերի ուղղությամբ։ Իսրայելի պաշտպանության բանակն հայտարարել է, որ հրետանային հարվածներ է հասցրել Լիբանանին՝  ի պատասխան նախորդ օրը Լիբանանից Իսրայելի ուղղությամբ հրթիռի արձակման։