Իրանական «Azariha» հակապանթյուրքիստական և ազգայնական ուղղվածության կայքում հրապարակվել է գրող, լրագրող Նասեր Համրանգի հոդվածը՝ Շուշիում տեղի ունեցած «աշխարհի ադրբեջանցիների համաժողով»-ի վերաբերյալ։
Համաձայն հոդվածի՝ Շուշի քաղաքում պանթյուրքիզմի տարրերը հավաքվել են իրենց երևակայակայն երազանքները իրականացնելու համար և նրանց նպատակն է «աշխարհի բոլոր ադրբեջանցիներին» միավորել մեկ կառավարության ներքո։
«Նրանց հիվանդագին ու խելագար տեսակետի համաձայն՝ Իրանը շուտով պետք է կազմալուծվի, որպեսզի հաջորդ համաժողովը կայանա Թավրիզում։ Համաժողովի կազմակերպիչները շատ անկեղծ են իրենց ելույթներում և նշում են, որ իրենց նպատակն է նվաճել Իրանի ամբողջ հյուսիսարևմտյան նահանգները։ Հատկանաշական է, որ նման համաժողովը կազմակերպում են ոչ թե անհատներ կամ իրավաբանական կազմակերպություններ, այլ Բաքվի կառավարությունը։ Բաքվի աչքում Իրանի կառավարությունը ոչ այլ ինչ է, քան հայրենասիրական գաղափարներիի, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող բյուրոկրատների զարմանալի հավաքածու»,-նշվել է հոդվածում։
Ընդգծվել է, որ 44-օրյա պատերազմում Ադրբեջանի կասկածելի հաղթանակից հետո դժվար չէր կանխատեսել Բաքվի կառավարության հետագա պահվածքը։
Ըստ հոդվածի՝ այժմ Թեհրանը բախվում է Բաքվի գործողությունների դառը հետևանքներին, սակայն իրանական կառավարությունը դեռևս հստակ չի արձագանքում այս քայլերին։
«Այնուամենայնիվ, Բաքուն իզուր է ձևացնում, թե Իրանում հակաիրանականության ծավալը այնպիսին է, որ կարելի է միջամտել։ Նրանք չեն գիտակցում, որ Իրանի երկարամյա պատմությունը և «Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության» վերացումը հակառակն են ապացուցել և Իրանն այս քամիներից ցնցվելու տեղ չունի»,- մատնանշվել է հոդվածում։
Հոդվածի եզրափակիչ մասում շեշտվել է, որ Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում հիմնարար խնդիրը պետք է փնտրել ոչ թե Բաքվում, այլ Թեհրանում և թերևս եկել է ժամանակը, որ Բաքվի կառավարությանը անվերջ հնարավորություն տալու փոխարեն Թեհրանը ստանձնի իր ազգային և պատմական պարտականությունները այդ կառավարության ու ողջ իրանական աշխարհի առջև և գլխատի ցանկացած պանթյուրքական դրսևորում։