Սիրիայի արտաքին գործերի և գաղթականների հարցով գերատեսչության նախարար Ֆեյսալ Միկդադը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և միջազգային զարգացումները, ինչպես նաև Ուկրաինայում Ռուսաստանի կողմից իրականացվող ռազմական հատուկ գործողությունը:
Միկդադը վերահաստատել է Դամասկոսի աջակցությունը պաշտոնական Մոսկվայի դիրքորոշմանն՝ ի դեմս արևմտյան երկրների վարած «երկակի ստանդարտների քաղաքականության»:
Իր հերթին Լավրովն ընդգծել է, որ Իսրայելի շարունակական հարձակումները Սիրիայի նկատմամբ միջազգային իրավունքի խախտում են և անընդունելի Ռուսաստանի համար:
Նշենք, որ նախօրեին Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան խստորեն դատապարտել էր Իսրայելի կողմից Դամասկոսի հրթիռակոծումը՝ այն որակելով որպես «դաժան ու վտանգավոր»։
«Մենք հաստատում ենք, որ Սիրիայի տարածքի վրա Իսրայելի հարձակումների շարունակությունը միջազգային իրավունքի հիմնարար նորմերի խախտում է և կտրականապես անընդունելի: Մենք խստորեն դատապարտում ենք նման անպատասխանատու պահվածքը»,- հայտարարել էր Զախարովան:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Իսրայելը հրթիռակոծել է Դամասկոսը՝ թիրախավորելով դրա մերձակայքում գտնվող որոշ դիրքեր: