Հայաստան-Թուրքիա բանակցություններում ի հայտ է եկել որոշակի լարում. փորձագետ

487

Հայաստան-Թուրքիա բանակցություններում ի հայտ են եկել որոշակի լարում, խնդիրներ։ «Ազատության» հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արեգ Քոչինյանը։

Փորձագետն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ Հայաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչների արդեն երրորդ հանդիպման արդյունքում հրապարակվում է փաստորեն նույնաբովանդակ հայտարարություն, թե կողմերը վերահաստատել են իրենց համաձայնությունը՝ շարունակելու գործընթացը առանց նախապայմանների։

«Կողմերը, կամ կողմերից մեկը, բավարար քաղաքական կամք չեն ցուցաբերում հարաբերությունների կարգավորմանը գնալու համար։ Դժվար է ասել, թե իրականում որն է՝ Հայաստա՞նն է, Թուրքիա՞ն է, թե՞ երկուսն էլ են, որովհետև կողմերը փաստացի արդեն իսկ բացահայտել են միմյանց նկատմամբ որոշակի պրետենզիա, որոշակի բողոքներ՝ էսպես ասենք», — նշեց Քոչինյանը՝ մանրամասնելով․ — «Թուրքական կողմը հայտարարել է, որ իրենք առաջարկել են Հայաստանին [բանակցությունները] Երևանում կամ Անկարայում անել, ավելի տրամաբանական պայմաններում անել, երկկողմ անել, Հայաստանը դրան չի արձագանքել։ Հայկական կողմն էլ, ըստ էության, արձանագրել է, որ ամենատրիվիալ առաջարկն անգամ՝ դիվանագիտական անձնագրերով մարդկանց համար սահմանը բացելու, թուրքական կողմը չի բավարարել։ Դրան գումարած՝ մենք իմանում ենք Թուրքիայի արտգործնախարարից, որ եղել է ինչ-որ առաջարկ՝ ռեդեմարկացիա անելու սահմանները, և Ազգային ժողովի արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ դա Հայաստանի համար անընդունելի է»։

«Այսինքն, որոշակի լարում կա, ըստ էության, արդեն իսկ կարելի է ասել, որ որոշակի խնդիրներ արդեն իսկ կան։ Այսինքն, գործընթացը, որ ի սկզբանե ծավալվում էր կարգավորելու համար հարաբերությունները, այս փուլում մի բան էլ հավելյալ խնդիրներ է առաջացրել։ Սա մենակ մի բանի մասին է հուշում, որ կա՛մ կողմերից երկուսն էլ, կա՛մ կողմերից առնվազն մեկը չի ցուցաբերում բավարար կամք, կամ բավարար քաղաքական կամք՝ գնալու համար այդ կարգավորմանը», — ասաց փորձագետը։

Նշենք, որ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի ու ԱՄՆ-ում Թուրքիայում նախկին դեսպան Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը կայացավ այս հունվարի 14-ին Մոսկվայում, երկրորդն ու երրորդը՝ Վիեննայում։