ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է Վրաստանի իր պաշտոնակցի հետ

561

Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի Ներքին գործերի նախարար, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վախթանգ Գոմելաուրի հետ, տեղեկացնում է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակը:

Հանդիպման սկզբում կողմերը բարձր են գնահատել երկկողմ դարավոր բարեկամությունը և ընդգծել այդ հարաբերությունների հետագա խորացման անհրաժեշտությունը՝ մասնավորապես կարևորելով  երկու երկրների Անվտանգության խորհուրդների միջև ոլորտային համագործակցության ընդլայնումը:

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը և այդ մարտահրավերները  հաղթահարելու Հայաստանի դիրքորոշումը: Արմեն Գրիգորյանն իր զրուցակցին է նաև ներկայացրել անվտանգության ոլորտում իրականացվող բարեփոխումների պլանը՝ ինչի համատեքստում վրացական կողմը կիսվել է իր համապատասխան փորձով: Կողմերը քննարկել են անվտանգության ոլորտին առընչվող բազում հարցեր:

Վրաստանի Ներքին գործերի նախարար, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վախթանգ Գոմելաուրին Արմեն Գրիգորյանին է ներկայացրել Վրաստանի Ազգային անվտանգության ճարտարապետությունը և Ազգային անվտանգության խորհրդի մանդատը։