Այսօր արտերկրում ապրող լիբանանցիները քվեարկելու են խորհրդարանական ընտրություններում:
Արաբական 9 երկրներում և Իրանում բնակվող լիբանանցիները սկսել են քվեարկել Բեյրութի ժամանակով առավոտյան ժամը 7:00-ին: Իսկ 48 այլ երկրներում բնակվողները կքվեարկեն կիրակի:
Նշենք, որ ավելի քան 225,000 լիբանանցի գրանցվել է արտերկրում քվեարկելու համար: 2018 թվականի ընտրություններին մասնակցելու համար գրանցվել էին 92 հազար մարդ, թեև այդ ժամանակ քվեարկել էր նրանցից միայն 50 հազար ընտրողներ:
Նախօրեին արտգործնախարար Աբդալլահ Բուհաբիբը հայտարարել էր, որ արտերկրում գտնվող լիբանանցիները կարող են քվեարկել ավելի քան 205 ընտրատեղամասերում:
Քվեարկության ավարտից հետո քվեատուփերը մասնավոր ընկերությունների միջոցով կուղարկվեն Լիբանանի կենտրոնական բանկ: Ձայները կհաշվարկվեն մայիսի 15-ին արդեն Լիբանանում ընտրությունների ավարտից հետո։
Հիշեցնենք, որ սա Լիբանանի պատմության մեջ երկրորդ անգամն է, երբ արտերկրում բնակվող լիբանանցիները կարող են քվեարկել ընտրություններում: Այս ընտրությունները նաև առաջինն են այն բանից հետո, երբ 2019 թվականին ցուցարարները բողոքի ակցիաներ էին կազմակերպում իշխող վերնախավի դեմ, որին մեղադրում էին երկրի տնտեսության փլուզման մեջ: