Իրաքի ԱԳՆ-ը դատապարտել է Իրանի ռմբակոծությունն Էրբիլում

209

Իրաքի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որով դատապարտել է Իրանի ռմբակոծությունը Քուրդիստանի Էրբիլ քաղաքում:

Հայտարարության մեջ նշված է, որ Իրաքի տարածքը չպետք է օգտագործվի «որպես միջանցք՝ հարևան երկրների անվտանգությանը սպառնալու համար»:

Անվտանգային մարտահրավերները հաղթահարելու համատեքստում ընդգծվել է երկխոսության կարևորությունը՝ «Իրաքի ինքնիշխանության պահպանմամբ և տարածաշրջանային անվտանգության և կայունության բարձրացմամբ»:

Նշենք, որ քրդական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ Իրանի զինված ուժերի հրետանին այսօր առավոտյան Իրաքյան Քուրդիստանի Էրբիլ քաղաքի ուղղությամբ արձակել է 5-6 արկ: Կորուստների մասին տվյալներ չեն հաղորդվել:

Մինչդեռ իրանական IRNA լրատվական գործակալությունն իր հերթին հայտնել էր, որ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերը հրետանային հարվածներ են հասցրել Էրբիլ քաղաքում իրենց կողմից «ահաբեկչական» որակված խմբավորումների դիրքերին։