Արևմուտքն ակնկալում է, որ Կատարը կօգնի լրացնել գազի մատակարարումների պակասը, քանի որ ԱՄՆ-ը և Եվրոպան ձգտում են Ռուսաստանին զրկել նավթի և գազի եկամուտներից:
Ամերիկյան «New York Times» թերթում հրապարակվել է մի հոդված, համաձայն որի՝ վերջին քառորդ դարի ընթացքում Կատարը պատասխանատու է աշխարհի մի շարք երկրների բնական գազի մատակարարման համար, ինչը նրան հնարավորություն է տվել մեծ եկամուտներ քաղել և ձեռք բերել աշխարհաքաղաքական նշանակություն։
Ըստ հոդվածի՝ պատերազմն Ուկրաինայում, ամենայն հավանականությամբ, կմեծացնի Կատարի ազդեցությունը, քանի որ այն ժամանակ, երբ ԱՄՆ-ը և նրա եվրոպացի դաշնակիցները ձգտում են Ռուսաստանին զրկել նավթից և գազից ստացված եկամուտներից, Կատարը կարող է ամենահարմար այլընտրանքը դիտարկվել նրանց վառելիքով ապահովելու համար։
Հոդվածում ընդգծվում է, որ Կատարն անմիջապես չի կարող լրացուցիչ քանակությամբ գազ մատակարարել Եվրոպա, քանի որ նրա արդյունահանման մեծ մասը նախատեսված է այն երկրների համար, որոնց հետ ստորագրված են պայմանագրեր: Սակայն Կատարը տասնյակ միլիարդավոր դոլարներ է ներդնում մինչև 2027 թվականը արդյունահանումը մոտ երկու երրորդով ավելացնելու համար: