CIA-ի ղեկավարը գաղտնի հանդիպումներ է ունեցել Իսրայելի և Պաղեստինի ղեկավարության հետ

850

ԱՄՆ-ի կենտրոնական հետախուզության վարչության (CIA) ղեկավար Ջինա Հասփելը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` «Դարի գործարքի» հրապարակումից 2 օր անց հանդիպումներ է ունեցել Պաղեստինի և Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այս մասին հայտնում է Իրայելի պետական «KAN» հեռուստատեսությունը:

Աղբյուրի փոխանցմամբ` Հասփելը չի հանդիպել Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասի հետ, սակայն Ռամալլահում (Պաղեստին) հանդիպում է ունեցել Պաղեստինի հետախուզության ղեկավար Մաջիդ Ֆերեջի հետ:

Ռամալլահում նրանք  քննարկել են Թրամփի պլանի շուրջ արձագանքները, ինչպես նաև պաղեստինցիների և իսրայելցիների հետ միջև հարաբերությունների հետագա ընթացքը:

Հասփելն ընդգծել է, որ Պաղեստինի և ԱՄՆ-ի միջև կապերը չեն խզվել, սակայն դրանք սառեցվել են քաղաքական մակարդակում:

Բացի այդ, CIA-ի ղեկավարը խոստացել է ընթացք տալ պաղիստինա-ամերիկյան հարաբերություններին:

Ըստ տեղեկության` Հասփելը գաղտնի հանդիպում է իրականացրել նաև Իրսայելի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:  

Հունվարի 28-ին Սպիտակ տանը տեղի ունեցած միջոցառման ժամանակ, որին ներկա էր նաև Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել էր պաղեստինաիսրայելական հակամարտության կարգավորման իր պլանը և ապագա Պաղեստին պետության քարտեզը:

«Դարի գործարքի» համաձայն՝ Երուսաղեմը լինելու է Իսրայելի անբաժան մայրաքաղաքը, իսկ Իսրայելի ինքնիշխանությունը տարածվելու է Հորդանան գետի արևելյան ափի մի մասի նկատմամբ: Թրամփը միաժամանակ Պաղեստինին առաջարկել էր սեփական մայրաքաղաքն ունենալ Արևելյան Երուսաղեմում, որտեղ ԱՄՆ-ն «հպարտորեն» դեսպանատուն կբացի: Բացի այդ, ԱՄՆ նախագահը խոստացել էր, որ համաձայնության դեպքում Պաղեստինում 50 մլրդ դոլարի ներդրումներ անել:

ԱՄՆ նախագահը նաև նշել էր, որ ապագա Պաղեստին պետությունը ձևավորվելու է այնպես, որ այն վտանգ չի ներկայացնելու Իսրայելի անվտանգությանը, և որ այնտեղ չեն գործելու ահաբեկչական կառույցներ: