Բրյուսելյան հանդիպման միակ որոշակի «արդյունքը»

162

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարության հիմքով՝ մայիսի 22-ին Բրյուսելում եռակողմ հանդիպման ամենից ակնհայտ և որոշակի «արդյունքը» Արևմուտք-Ռուսաստան անուղղակի հակամարտություն-մրցակցության կարծրացումն է նաև հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորան գործընթացում։

Այս իրողությունն ուղղակիորեն արտացոլվում է նաև Միշելի հայտարարության մեջ արձանագրված՝ հայ-ադրբեջանական կարգավորման օրակարգի խնդրահարույց բոլոր ուղղություններում(հումանիտար հարցեր, Արցախի հիմնախնդիր, սահմանազատում/սահմանային անվտանգություն, խաղաղության համաձայնագիր) քննարկումների ակնկալվող զարգացումներում Ռուսաստանի ներգրավվածության-ազդեցության հնարավորինս չեզոքացմանը միտված ձգտումներով։ Ընդ որում, այս ուղեգիծը կյանքի կոչելու համար Բրյուսելն ապահովում է գործընթացների որոշակի տեմպ, որն առայժմ համապատասխանում է Բաքվի շահերին, իսկ Երևանի համար կարևոր է զուտ ընթացիկ կարգավորման փորձերի առկայությամբ՝ ադրբեջանական կողմի վարքը կառավարելի պահելու տեսանկյունից։

Այս համատեքստում առայժմ ՌԴ ուղիղ ներգրավվածությամբ շարունակվելիք միակ հարթակը տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման գործընթացն է, որում, ըստ 2020թ. նոյեմբերի 9/10-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի՝ Մոսկվան ունի ուղիղ պարտականություն՝ «Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները»։

Հետևաբար, կասկածից վեր է, որ առաջիկայում Ռուսաստանը նախաձեռնելու է բրյուսելյան հարթակի միջոցով Արևմուտքի հարավկովկասյան նկրտումները կանխելուն միտված նպատակային քայլեր։ Իսկ Արևմուտք-Ռուսաստան այս մրցակցությունն անուղղակիորեն տորպեդահարելու է Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացը, որը համաշխարհային տուրբուլենտության ընթացիկ շրջանում բխում է Հայաստանի շահերից։ Ավելին, Հայաստանն անգամ պետք է խթանի Մոսկվայի դերակատարման ակիվացման անհրաժեշտ պայմանների ապահովումը։

Արմեն Պետրոսյան