Բեյրութը համաձայնել է շարունակել բանակցությունները Իսրայելի հետ ԱՄՆ-ի միջնորդությամբ

116

Լիբանանի նախագահ Միշել Աունը և վարչապետի լիազորություններն իրականացնող Նաջիբ Միկաթին համաձայնել են Բեյրութ հրավիրել ԱՄՆ-ի միջնորդ Ամոս Հոխշտեյնին՝ Իսրայելի հետ ծովային սահմանազատման շուրջ բանակցությունները շարունակելու համար: Այս մասին հայտարարություն է տարածել Լիբանանի նախագահական գրասենյակը:

Հայտարարության մեջ նշված է, որ սահմանազատումը պետք է ավարտվի «որքան հնարավոր է շուտ՝ որևէ էսկալացիայից խուսափելու համար»:

«Վիճելի տարածքում Իսրայելի կողմից իրականացվող գազի ցանկացած հորատում համարվում է սադրիչ և թշնամական գործողություն, որը սպառնում է խաղաղությանը և խոչընդոտում ԱՄՆ-ի միջնորդությամբ վարվող սահմանազատման բանակցություններին»,- նշված է հայտարարության մեջ։

Լիբանանյան ԶԼՄ-ները հաղորդել են, որ խորհրդարանի փոխխոսնակ Էլիաս Բու Սաաբը կապ է հաստատել Հոխշտեյնի հետ՝ Հոխշտեյնի հնարավոր այցի կազմակերպման համար:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ գազ հորատող նավ էր մուտք գործել Միջերկրական ծովի Քարիշ օֆշոր, որտեղ բնական գազի պաշարներ կան: