Լավրով. Փառուխի հարցը կլուծվի սահմանազատման առարկայական աշխատանքներ սկսելու շրջանակում

216

ՀՀ-ն շարունակում է հավատալ, որ ռուսական խաղաղապահ առաքելությունն ի վիճակի է վերականգնել 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հաստատված ստատուս քվոն` 2021-ի մարտի 23-ի դրությամբ առկա իրավիճակը, որը խախտվել էր Ադրբեջանի զինված ուժերի` Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ ներխուժմամբ։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ երևանյան ասուլիսի ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, փոխանցում է sputnik armenia-ն:

«ՌԴ–ն առանցքային դերակատարում է ունեցել պատերազմը կասեցնելու հարցում, իսկ ռուս խաղաղապահների տեղակայումը պայմաններ է ստեղծում բնականոն կյանքի վերականգնման համար»,–ասաց Միրզոյանը։

Իր հերթին Լավրովը նշեց, որ Փառուխի հարցը ռուս զինվորականները շարունակում են դիտարկել որպես առաջնահերթություն։

«Այս իրավիճակի հետ կապված լարվածության որոշակի թուլացում կա։ Կարծում ենք, որ սահմանազատման առարկայական աշխատանքներ սկսելու շրջանակում այդ հարցերն անպայման կքննարկվեն և լուծում կստանան»,–ասաց Լավրովը։

Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել էին շփման գիծը ու առաջ շարժվել Քարագլխի դիրքերի ուղղությամբ։

Մարտի 25–ի գիշերը նրանք կրակ էին բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, ինչի հետևանքով հայկական կողմից 5 պայմանագրային զինծառայողներ էին վիրավորվել։

Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել էին նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից զոհվել էին ՊԲ 3 պայմանագրային զինծառայողներ, վիրավորները 14-ն էին:

Մարտի 29-ին ադրբեջանցիները հեռացել են Փառուխից, ու այնտեղ ռուս խաղաղապահներ են տեղակայվել, բայց ադրբեջանական զինված ուժերը շարունակում են մնալ Քարագլխի դիրքերի մի հատվածում։