Թբիլիսիի պետական համալսարանի Վերլուծության և կանխատեսումների կենտրոնի տնօրեն Վախթանգ Ճարաիայի կարծքիով՝ Վրաստանը չի կանգնի սննդամթերքի կամ առավել ևս հումանիտար ճգնաժամի առաջ, քանի դեռ Ռուսաստանը չի որոշել հարձակվել Վրաստանի վրա: Այս մասին տնտեսագետը հայտնել է «Օրբելի» վերլուծական կենտրոնին տված հարցազրույցում՝ անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Վրաստանում տնտեսական խնդիրներին և նոր մարտահրավերներին։
– Փետրվարի 25-ին Վրաստանի վարչապետը հայտարարել էր, որ Վրաստանը չի պատրաստվում մասնակցել Ռուսաստանի դեմ ֆինանսական և տնտեսական պատժամիջոցներին՝ հաշվի առնելով ազգային և բնակչության շահերը։ Ավելի ուշ Վրաստանի նախագահը CNN-ին ասել էր, որ Վրաստանը մասնակցում է միջազգային բոլոր ֆինանսական պատժամիջոցներին։ Սրան հաջորդել էր վարչապետ Ղարիբաշվիլիի նոր հայտարարությունը, թե Վրաստանը տնտեսական պատժամիջոցներ չի կիրառելու Ռուսաստանի նկատմամբ։ Խնդրում եմ պարզաբանել այս հայտարարությունները։ Վրաստանն անհատապե՞ս պատժամիջոցներ չի կիրառում, թե՞ ընդհանրապես չի միանում միջազգային պատժամիջոցներին։
– Վրաստանը Ռուսաստանի դեմ կիրառված բոլոր միջազգային պատժամիջոցների մաս է։ Դա ճիշտ է, բայց Վրաստանն ակտիվ չէ Ռուսաստանի դեմ երկկողմ պատժամիջոցների հարցում։ Եթե նկատի ունենանք դիվանագիտական հարթությունը, ապա չի եղել թեկուզ մեկ դեպք, երբ Վրաստանը հրաժարվի Ռուսաստանի դեմ քվեարկելուց։ Բոլոր դեպքերում Վրաստանն աջակցում է Ուկրաինային՝ ընդդեմ Ռուսաստանի։ Դիվանագիտական հարթությունում պարզ է, որ Վրաստանն աջակցում է Ուկրաինային, բայց տնտեսական պատժամիջոցների դեպքում կարող եք տեսնել, որ նույնիսկ Եվրամիության ներսում ոչ բոլոր երկրներն են նույն պատժամիջոցները կիրառում Ռուսաստանի դեմ։ Արևելյան Եվրոպայի որոշ երկրներ՝ Բալթյան երկրները, Լեհաստանը, հայտարարեցին, որ կփակեն սահմանը և հրաժարվեցին առևտուր անել Ռուսաստանի հետ, Լիտվան նույնիսկ դադարեցրեց ռուսական գազի ներմուծումը։
Բայց Եվրամիությունում կան շատ այլ երկրներ, ինչպիսիք են Գերմանիան կամ Հունգարիան, որոնք չեն փակել սահմանը և շարունակել են ստանալ ռուսական գազ և/կամ պատրաստ են գնել ռուսական նավթ:
Վրաստանի դեպքում՝ երկիրը լիովին իրականացնում է գործառույթները դիվանագիտական ոլորտում։ Միջազգային ֆինանսական տեսանկյունից Վրաստանն աջակցում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին՝ բանկային համակարգի ոլորտում։
Մենք ունեինք ռուսական հայտնի բանկերից մեկը՝ ՎՏԲ բանկը, որը պատերազմի սկսվելուց մեկ շաբաթ չանցած փակվեց։ Ռուսական վճարային քարտերը Վրաստանում չեն ընդունվում, քանի որ Visa-ն և MasterCard-ը դադարեցրել են իրենց աշխատանքը ռուս հաճախորդների համար։ Վրաստանը թույլ չի տալիս ռուսական «Միր» հատուկ վճարային համակարգի միջոցով որևէ գործարք կատարել։
Բայց երկկողմ տնտեսական համագործակցության առումով, ինչպիսին են առևտրային կամ ֆինանսական տրանսֆերտները, Վրաստանը, ինչպես աշխարհի գրեթե բոլոր երկրները, պատժամիջոցներ չի կիրառում Ռուսաստանի դեմ։ Այս դեպքում Վրաստանը վնաս կհասցներ միայն իր տնտեսությանը և չէր կարողանա վնասել ռուսական տնտեսությանը։ Սա Վրաստանի կառավարության կողմից պրագմատիկ քայլ է, սակայն դեռ կան որոշ ոլորտներ, որտեղ Վրաստանը կարող է երկկողմանի պատժամիջոցներ կիրառել։ Վրաստանը Ռուսաստանից որոշակի քանակությամբ գազ է ստանում։ Հիմնական մատակարարն Ադրբեջանն է։ Վրաստանը, կարծում եմ, հեշտությամբ կարող է «ոչ» ասել ռուսական գազին ուկրաինացի բարեկամներին աջակցելու համար։ Հավանաբար, վաղ թե ուշ Վրաստանի կառավարությունը դա կանի, եթե պատերազմն անցնի ավելի ինտենսիվ մակարդակի։
– Ռուս-ուկրաինական իրադարձություններով և ՌԴ-ի նկատմամբ կիրառված պատժամիջոցներով պայմանավորված՝ տուժում է նաև բեռնափոխադրումների ոլորտը։ Վրաստանը տարանցիկ երկիր է, ծավալների փոփոխություն կա՞։
– Չնայած այն հանգամանքին, որ գլոբալ առումով մատակարարման շղթան խաթարված է, կարող եմ ասել, որ Վրաստանն այս պահին նույնիսկ որոշակի օգուտներ է քաղում մատակարարման գլոբալ շղթայի այս խաթարումից: Ասիական շատ բիզնեսներ, որոնք ուղղված էին դեպի ռուսական տնտեսություն տարանցմանը, հրաժարվում են այս տարբերակից։ Այլընտրանքներից մեկը Վրաստանն է։ Հենց հիմա վրացական նավահանգիստները, երկաթուղին և մայրուղիները տեղափոխում են և թույլ են տալիս տեղափոխել ավելի շատ ապրանք, քան մինչև համաճարակը կամ պատերազմը։ Երկարաժամկետ հեռանկարում շատ հնարավորություններ կան, ինչպես նաև Վրաստանը կարող է մասնակի այլընտրանք լինել ռուսական տարանցիկ միջանցքին։ Վրաստանն իր հնարավորություններով չի կարող լիարժեք այլընտրանք լինել ռուսական տարանցիկ միջանցքին, բայց, համենայնդեպս, կարող է լինել տարածք, որը կարող են օգտագործել եվրոպական և ասիական խաղացողները։ Դա լրացուցիչ առավելություններ կտա վրացական շուկային և մեծամասամբ կայունություն՝ Վրաստանին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: