Իսրայելի արտգործնախարարը մեկնելու է Թուրքիա

82

Իսրայելի արտաքին գործերի նախարար Յաիր Լապիդը հինգշաբթի կարճատև այցով մեկնելու է Անկարա այն մտավախությունների ֆոնին, որ Իրանը ծրագրում է վնասել իսրայելցի ճանապարհորդներին Թուրքիայում:

Իսրայելի արտգործնախարարի գրասենյակը հայտնել է, որ այցի շրջանակներում Լապիդը հանդիպելու է թուրք պաշտոնակից Մևլյութ Չավուշօղլուի հետ:

Նշենք, որ Իսրայելը վերջին շաբաթներին մի շարք կոշտ նախազգուշացումներ է արել իսրայելցի ճանապարհորդներին՝ Թուրքիա այցելելուց խուսափելու համար և հայտնել, որ թուրքական իշխանությունների օգնությամբ կանխել է հարձակումների փորձերը:

Թեմային անդրադարձել է նաև Իսրայելի ՊՆ ղեկավար Բեննի Գանցը՝ հայտարարելով, որ «Իսրայելը հարձակողական տարբերակներ է պատրաստում Իրանի դեմ, եթե դրանք անհրաժեշտ լինեն»:

Հիշեցնենք, որ թուրքական հետախուզության ներկայացուցիչները Ստամբուլում ձերբակալել էին իրանական հատուկ ծառայությունների մի խումբ ներկայացուցիչների, որոնք ըստ թուրքական կողմի՝ հարձակումներ էին նախապատրաստում իսրայելցի զբոսաշրջիկների վրա: