Ռուս թուրքագետը՝ Սիրիայում ռազմական գործողության հնարավորության մասին. «Անկարան կրակի հետ է խաղում»

336

Ռուս թուրքագետ Վլադիմիր Ավատկովը Regionmonitor-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է Սիրիայի հյուսիսում թուրքական հնարավոր ռազմական գործողությանը քուրդ զինյալների դեմ, ինչպես նաև թուրք-հունական լարվածությանը։

Ավատկովի խոսքով՝ այս պահին Սիրիայում տարբեր ուժերի միջև բախման մեծ ռիսկեր կան։

«Չպետք է մոռանալ, որ Սիրիայում ամերիկյան և ռուսական զորքեր կան: Թուրքիան կրակի հետ է խաղում։ Չի կարելի ներխուժել ինքնիշխան պետության տարածք, դա քաղաքավարի չէ»,- ասաց նա:

Ռուս թուրքագետը նշեց, որ Թուրքիան վերջին տարիներին իր համար բավականին բարենպաստ պայմաններ է ստեղծել Սիրիայում: Իդլիբում Անկարան տեղի բնակչությանը տրամադրում է թուրքական անձնագրեր և դասընթացներ անկցացնում թուրքերենով։ Եվ այս ամենն ըստ Ավատկովի՝ մտահոգիչ է  Սիրիայի ապագայի տեսանկյունից։

Փորձագետը նաեւ մեջբերել է Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտիևի հայտարարությունը, թե «Ռուսաստանը մտահոգված է Սիրիայում հնարավոր գործողությամբ»։

«Ամերիկացիները շփման ձևաչափեր են պարտադրում, իսկ Ռուսաստանը փորձում է հաշվի նստել և հավասարակշռություն պահպանել։ Անվտանգության ոլորտում մենք շատ սերտ երկխոսություն ունենք Թուրքիայի հետ, բայց դա չի նշանակում, որ այն անպայման կպսակվի հաջողությամբ։ Այնուամենայնիվ,  անվտանգության ոլորտում երկխոսությունն ինքնին ավելի լավ է, քան հակամարտությունը կամ բախումը»,- ասել է Ավատկովը։

Անդրադառնալով թուրք-հունական  լարվածությանը, Ավատկովը նշել է.

«Թուրք-հունական հարաբերությունների սրումը տեղի է ունենում ամեն տարի։ Այս ամենը հանգեցնում է ինչպես Հունաստանի, այնպես էլ Թուրքիայի ինքնիշխանության բարձրացմանը։ Սա մի կողմից լավ է, առաջին հերթին միջազգային հարաբերությունների տեսանկյունից, բայց չի բացառվում, որ հակամարտությունը կարող վերաճել զինված բախման»։