Այսօր Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ բն Սալմանը կավարտի իր տարածաշրջանային այցը՝ մեկնելով վերջին երրորդ երկիր՝ Թուրքիա:
Ինչպես հաղորդում է Al Arabiya-ն՝ Սալմանն այսօր ժամանելու է Անկարա, որտեղ նախագահական պալատում հանդիպելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանի հետ:
Բանակցությունների օրակարգում կենտրոնական տեղ է զբաղեցնելու տնտեսական ոլորտը: Քննարկվելու են բոլոր այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն Ռիադի և Անկարայի միջև համագործակցությունը տարբեր ոլորտներում զարգացնելու համար։
Պաշտոնական այցի ընթացքում ստորագրվելու են նաև մի շարք համաձայնագրեր՝ տարբեր ոլորտներին առնչվող:
Նշենք, որ Թուրքիայի նախագահը ապրիլին այցելել էր Սաուդյան Արաբիա՝ երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար:
Սաուդյան Արաբիայի թագաժառանգը տարածաշրջանային այցը սկսել էր երկուշաբթի երեկոյան, որի ընթացքում մեկնել էր Եգիպտոս և Հորդանան։