Վաշինգտոնը և Փարիզը խզել են կապը ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահի հետ. Զախարովա

77

Մոսկվան կասկածում է ԱՄՆ հայտարարությունների անկեղծությանը, թե պատրաստ է աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ես թույլ եմ տալիս ինձ կասկածել Քարեն Դոնֆրիդի հայտարարության անկեղծությանը։ Եթե Վաշինգտոնն ու Փարիզը իսկապես կարևոր էին համարում Մինսկի խմբի եզակի միջնորդական ձևաչափը, ապա թույլ չէին տա արհամարհել մասնակից բոլոր պետությունների հավանությանն արժանացած մանդատը»,- ասել է Զախարովան։

Նրա խոսքով՝ նրանք ցուցադրաբար խզեցին, առանց որևէ խորհրդակցության, շփումները Մինսկի խմբի ռուս համանախագահի հետ փետրվարի 24-ին։

Զախարովան նշել է, որ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան մինչ օրս չեն տվել որևէ հստակ բացատրություն տվյալ «վրդովեցուցիչ քայլի» վերաբերյալ, և նմանապես չկա որևէ երաշխիք, որ նմանատիպ «անպատասխանատու» գործողությունները չեն կրկնվի:

«Հնարավոր չէ ձևացնել, թե ոչինչ չի եղել, այլ պետք է հաշվի առնել նոր իրողությունները: Ես կարծում եմ, որ նպատակը մեզ մեկուսացման մեջ դնելն էր, բայց հաշվարկը կրկին սխալ էր: Ռուսաստանը ամենից շատն է շահագրգռված Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմամբ և չի կարող թույլ տալ, որ առանձին արտաքին խաղացողների քաղաքականացված քայլերը խաթարեն տարածաշրջանում խաղաղության և կայունության վերականգնմանն ուղղված՝ առանց այդ էլ բարդ ջանքերը», — հավելել է Մարիա Զախարովան: