Շուտով Մոսկվայում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման հանձնաժողովի նիստը

75

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի երկրորդ նիստը շուտով Մոսկվայում կկայանա։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ադրբեջանի և Հայաստանի սահմանամերձ որոշ շրջաններում պարբերաբար ծագող միջադեպերը, խնդիրները հաստատում են սահմանների սահմանազատման հանձնաժողովի համակարգված և կանոնավոր աշխատանքի արդիականությունն ու անհրաժեշտությունը»,- ասել է Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի Զինված ուժերի ժամկետային զինծառայողի մահը։

Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է մոտ ապագայում ընդունել սահմանազատման հանձնաժողովի երկրորդ նիստը Մոսկվայում, որի մասին կողմերը պայմանավորվել են մայիսի 24-ին:

«Միևնույն ժամանակ, կարևոր է քայլեր ձեռնարկել կայունության և սահմանի անվտանգության մակարդակը բարձրացնելու համար, ինչպես այդ մասին նշված է երեք երկրների ղեկավարների հայտարարության մեջ։ Մասնավորապես՝ Սոչիիի 2021 թվականի նոյեմբերի 26-ի հայտարարության մեջ»,- հավելել է Զախարովան: