Իսրայելում անցկացվելու են արտահերթ ընտրություններ

81

Նոյեմբերի 1-ը կդառնա Իսրայելի համընդհանուր ընտրությունների ամենահավանական ամսաթիվը: Այս մասին գրում են եբրայական ԶԼՄ-ները:

Հարկ է նշել, որ այս ընտրությունները լինելու են թվով հինգերորդը վերջին 4 տարիների ընթացքում:

Ընտրությունների անցկացման ամսաթվի շուրջ համաձայնություն դեռևս չի կայացվել: Օրենսդրությունը, որն արգելելու է ծանր հանցագործությունների մեջ մեղադրվողներին դառնալ վարչապետ, դարձել է կոալիցիայի հիմնական սակարկությունների առարկան:

Ենթադրվում է, որ այս օրինագիծն առաջին հերթին ուղղված է Բենյամին Նեթանյահուի դեմ, ով մեղադրվում է կաշառակերության մեջ:

Նշենք, որ չորեքշաբթի Կնեսետը (Իսրայելի խորհրդարանը) միաձայն քվեարկեց արտահերթ ընտրությունների օգտին՝ օրինագծի նախնական ընթերցմամբ, որն ակնկալվում է վերջնական տեսքի բերել հաջորդ շաբաթ: Իսրայելի արտգործնախարար 58-ամյա Յաիր Լապիդը կփոխարինի վարչապետ Նաֆթալի Բեննեթին՝ ժամանակավոր կառավարության գլխավորությամբ:

Լապիդն ու Բենեթը մեկ տարի առաջ ավարտին հասցրեցին Նեթանյահուի պաշտոնավարման 15-ամյա ժամկետը՝ ստեղծելով աջերի, լիբերալների և արաբական կուսակցությունների հազվագյուտ դաշինք: Սակայն դաշինքը երկար կյանք չունեցավ ներքին հակասությունների պատճառով:

Իսկ 72-ամյա Նեթանյահուն, ով այժմ ընդդիմության առաջնորդն է, դարձյալ հավակնում է երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնել: