ԱՄՆ-ը դադարեցրել է Թուրքիայի հետ Սիրիայում իրականացվող գաղտնի գործողությունը

748

ԱՄՆ-ը վճռել է անորոշ ժամանակով դադարեցնել Թուրքիայի հետ համատեղ իրականացվող գաղտնի գործողությունները Սիրիայում։ Խոսքը մասնավորապես Սիրիայում քուրդ զինյալների տեղակայման վայրերի օդային տարածքում ամերիկյան ԱԹՍ-ներով իրականացվող հետախուզական թռիչների մասին է։

Այս մասին փետրվարի 5-ին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով ԱՄՆ վարչակազմում չորս տարբեր աղբյուրների։ Ըստ գործակալության՝ նախկինում նմանատիպ հետախուզական թռիչքները կատարվում էին անզեն ամերիկյան ԱԹՍ-ներով՝ Ինջիրլիքի թուրք-ամերիկյան ռազմաբազայից։ Reuters-ը նաև ընդգծել է, որ Թուրքիայի պաշտպանության նախարարությունն ու Պենտագոնը որևէ պաշտոնական մեկնաբանություն չեն տվել թեմայի վերաբերյալ։

Աղբյուրի պնդմամբ՝ ԱՄՆ-ը նման որոշում է կայացրել այն բանից հետո, երբ Թուրքիան սկսեց «Խաղաղության աղբյուր» անդրսահմանային ռազմական գործողությունը Սիրիայում (2019թ հոկտեմբերին)։ Թուրքիան պնդում էր, որ գործողության նպատակը Սիրիայում գործող քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժեր» (YPG) զինված խմբավորման դեմ պայքարն է, որին թուրքական կողմը դիտարկում է որպես սպառնալիք սեփական անվտանգության համար։ Մյուս կողմից, վերջին տարիներին ԱՄՆ-ը սերտորեն համագործակցում է  Սիրիայում գործող քրդական խմբավորումների հետ՝ «Իսլամական պետություն» (IŞİD) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի շրջանակներում։ Թուրքիան իր հերթին պարբերաբար դժգոհություն է հայտնում ԱՄՆ-ի այդ քայլից՝ պահանջելով դադարեցնել քրդերին ցուցաբերվող աջակցությունը։