«Մոսկվան ցանկանում է, որ այս հարցը քննարկվի միայն Ռուսաստանի ու Թուրքիայի միջև». ռուս փորձագետը՝ Սիրիայում Թուրքիայի հնարավոր ռազմական գործողության մասին

261

ՄԳԻՄՕ-ի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը «Օրբելի» վերլուծական կենտրոնի հետ զրույցում խոսել է Սիրիայում Թուրքիայի հնարավոր ռազմական գործողության վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշման, «3+3» ձևաչափի, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին առնչվող առանցքային հարցերի մասին։           

— Թուրքիայի նախագահ Ռ.Թ. Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողություն է սկսելու՝ ամբողջացնելու Սիրիայի հյուսիսում թուրքական սահմանի երկայնքով այն անվտանգության գոտին, որի մասին 2019թ. պայմանավորվել էր ԱՄՆ-ի և ՌԴ-ի հետ: Ի՞նչ դիրքորոշում ունի ՌԴ-ն այս հարցում:

— Իհարկե, Մոսկվան հիացած չէ: Վերջերս թուրքական թերթերը գրել էին, որ Մոսկվան ու Անկարան այս հարցում համաձայնության չեն հասել: Անհրաժեշտ է նշել, որ Ռուսաստանի ներկայացուցչի կողմից տրվեցին զգուշավոր գնահատականներ, ըստ որի՝ հնարավոր ռազմական գործողությունը չի նպաստի Սիրիայի անվտանգությանն ու կայունությանը: Իսկ ավելի վաղ պարզ դարձավ, որ այս հարցը կքննարկվի Սիրիայի հարցով Աստանայի ձևաչափի հերթական հանդիպման շրջանակներում: Մոսկվան ցանկանում է, որ այս  հարցը քննարկվի միայն Ռուսաստանի ու Թուրքիայի միջև, առանց Արևմուտքի, որը հետապնդելով առաջին հերթին  իր նպատակները, կարող էր հանդես գալ որպես միջնորդ:

Ռուսաստանը հավասարակշիռ հարաբերություններ ունի Իրանի, Սիրիայի, Թուրքիայի, Իսրայելի, Կատարի, Սաուդյան Արաբիայի հետ, ինչը չկար ԽՍՀՄ-ի ժամանակ: Մոսկվան չափազանց կարևորում է այս ամենը և փորձում  առաջ տանել ակտիվ խաղացողի իր դերը: Մոսկվայի ու Անկարայի միջև նույնպես տեղի են ունեցել ճգնաժամեր, ինչպես օրինակ 2015-ին: Այնուամենայնիվ երկու երկրները գտնում էին լարվածության թուլացման ուղիներ: Ըստ էության, սուր խնդիրների հարթեցման առումով որոշակի փորձ է ձեռք բերվել: 

— 2021թ. դեկտեմբերին Մոսկվայում տեղի է ունեցել 3+3 ձևաչափի առաջին և առայժմ միակհանդիպումը՝ առանց Վրաստանի: Առաջին հանդիպումից անցել է կես տարի, և չնայած պաշտոնական հայտարարություններին՝ հարցը կարծես երկրորդ պլան է մղվել: Ըստ ձեզ, ո՞րն է ձևաչափի հեռանկարը և ի՞նչ խնդիրների լուծման հարթակի այն կարող է վերածվել:

— 3+3 ձևաչափը վաղուց է քննարկվում։ Շատերը մոռացել են, որ Իրանն այս ձևաչափն առաջ մղելու առաջամարտիկն էր: Թեհրանը 90-ականների վերջին առաջարկեց ձևաչափ, որտեղ տարածաշրջանի ճակատագրի որոշման գործում առանցքային դեր կունենան կովկասյան տարածաշրջանի երկրները և եվրասիական 3 գերտերությունները։ Խնդիրն այն է, որ այս 3 երկրներն ունեն տարբեր շահեր։ Դժվար է պատկերացնել, որ Ադրբեջանը և Հայաստանը ընդհանուր հայացքներ, տեսակետներ կունենան։ Նույնիսկ հիմա՝  խաղաղության պայմանագրի, սահմանազատման, սահմանագծման նախապատրաստական փուլում կան բազմաթիվ տարաձայնություններ ու հակասություններ։ Վրաստանը չէր ցանկանա, որ Եվրասիական ձևաչափը գերիշխի Կովկասում: Ինչպե՞ս հարթել այդ ամենը: Դժվար հարց է: Ըստ իս՝ այս ձևաչափը լրացուցիչ ազդակներ կստանար Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ որոշակի կայունացման դեպքում։ Այժմ 3 +3 ձևաչափից աշխուժացում ակնկալելը քիչ հավանական է:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ orbeli.am կայքում: