Իսրայելը խնդրելու է Բայդենին թույլատրել լազերային ՀՕՊ-երի տրամադրումը Սաուդյան Արաբիային. ԶԼՄ

222

Իսրայելը մտադիր է խնդրել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին հավանություն տալ իսրայելական լազերային հզորությամբ հակաօդային պաշտպանության համակարգի մատակարարմանը արաբական երկրներին, որոնք միավորված են Իրանի դեմ, այդ թվում՝ Սաուդյան Արաբիային: Այս մասին գրում է The Times of Israel պարբերականը:

Պարբերականի տեղեկություններով՝ այս քայլով ԱՄՆ-ն կկենտրոնացնի ջանքերը «իրանական սպառնալիքի դեմ» տարածաշրջանային համագործակցության հաստատման համար: Հաղորդվում է, որ համակիր կողմերի թվում են Արաբական Միացյալ Էմիրությունները, Եգիպտոսը, Հորդանանը, Բահրեյնը, Սաուդյան Արաբիան և Կատարը:

Channel 12 news-ը, չվկայակոչելով աղբյուրներ, գրել է, որ Iron Beam հակաօդային պաշտպանության համակարգը կհասցվի ԱՄԷ-ին և «հավանաբար նաև Սաուդյան Արաբիային»:

Հարկ է նշել, որ Իսրայելը դիվանագիտական հարաբերություններ ունի Եգիպտոսի, Հորդանանի, ԱՄԷ-ի և Բահրեյնի հետ, բայց ոչ Սաուդյան Արաբիայի կամ Կատարի։

Երկուշաբթի Իսրայելի պաշտպանության նախարար Բեննի Գանցը մասամբ հաստատել է տեղեկությունն այն մասին, որ իսրայելցի զինվորականները բանակցություններ են վարում Սաուդյան Արաբիայի և Կատարի գործընկերների հետ Իրանի դեմ հակաօդային պաշտպանության տարածաշրջանային դաշինք ստեղծելու շուրջ, և խոսել է հնարավոր «բեկման» մասին Բայդենի առաջիկա այցի ընթացքում:

«Մենք կառուցում ենք լայն գործընկերություն տարածաշրջանի այլ երկրների հետ՝ ապահովելու անվտանգ, կայուն և բարգավաճ Մերձավոր Արևելք: Ի թիվս այլ հարցերի, սա նաև ներառում է օդային պաշտպանությունը», — հայտարարել է Գանցը ՝ ելույթ ունենալով Կնեսետում: