Հայկական պատգամավորական բլոկը մասնակցում է Լիբանանի կառավարության ձևավորման գործընթացին

93

Հունիսի 28-ին հայկական պատգամավորական բլոկը՝ ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, պատգամավոր Հակոբ Բագրատունու գլխավորությամբ հանդիպել է Լիբանանի վարչապետի թեկնածու Նաջիբ Միկաթիի հետ:

«Ազդակ» օրաթերթի փոխանցմամբ՝ հանդիպմանը մասնացում էին նաև հայազգի պատգամավորներ Հակոբ Թերզյանը և Ջորջ Փուչիկյանը:

Հանդիպման ընթացքում պատգամավոր Հակոբ Բագրատունին հայտարարել էր, որ ՀՅԴ-ը պատրաստ է կառավարության մաս կազմել:

Նա հաջողություն է մաղթել վարչապետի թեկնածու Նաջիբ Միկաթիին կառավարությունն արագ ձևավորելու գործում՝ չերկարաձգելով նախագահական ընտրությունների կայացումը:

Նշենք, որ նախօրեին կառավարության ձևավորման ոչ պարտադիր խորհրդակցություններ են անցկացվել: Դրանց մեկնարկը տրվել էր վարչապետի թեկանածու Նաջիբ Միկաթիի և խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերիի հանդիպումով:

Իրազեկ աղբյուրները հայտնել են, որ վարչապետի թեկնածու Նաջիբ Միկաթին նոր կառավարության ձևավորման տեսլական ունի, և շուտով այն պարզ կդառնա:

«Կուլիսների հետևում քննարկվում են մի քանի ձևաչափեր»,- գրել է «Ալ-Ջումհուրիա»՝ վկայակոչելով այլ աղբյուրներ:

«Միկաթին երեկ պատգամավորների հետ սկսած խորհրդարանական արարողակարգային խորհրդակցություններից բացի, վերջին 24 ժամվա ընթացքում կառավարության ձևավորման գործընթացի հետ կապված խորհրդակցություններ և շփումներ է ունեցել, որոնցում ներգրավված են եղել մի քանի քաղաքական ուժեր»,- ավելացրել է թերթը: